211652_close_icon
views-count1368 դիտում article-date 10:28 01-12-2021

Անիմաստ կամակորություն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում գոյություն ունի Ազգային ժողովում ընդդիմության աշխատելու երկու ձեւ: Կա՛մ դուք ասում եք իշխանության ներկայացուցիչներին՝ «դուք հանցագործ եք, թշնամի եւ դավաճան, մենք ձեզ հետ քննարկելու խնդիրներ չունենք, իսկ ԱԺ ամբիոնն օգտագործում ենք միմիայն ձեզ «քլնգելու» համար»: Այդպես էր վարվում, ի թիվս այլոց, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշո՞ւմ եք, օրինակ, նրա չափազանց համոզիչ ելույթները «պադավատապետության» դեմ: Ինձ, օրինակ, այդ ելույթները դուր էին գալիս. իսկապես նախորդ իշխանությունը ձգտում էր ճոխությունների՝ հարկատուների հաշվին, մասնավորապես՝ թանկարժեք «պադավատներ» գնելով: Իհարկե, հարց է առաջանում, թե արդյոք այդ առումով իշխանության եկած Փաշինյանի թիմն ինչ-որ ձեւով տարբերվո՞ւմ է նախորդ թիմից, բայց ընդդիմության խորհրդարանական մարտավարության հետ այդ հարցը կապ չունի: Արձանագրենք, որ վերը նկարագրված մարտավարությունը մեր երկրում արժանանում է ընդդիմադիր ընտրազանգվածի դրվատանքին:

Կա նաեւ խորհրդարանում ընդդիմության աշխատելու երկրորդ ձեւը, որն ընդունված է նաեւ զարգացած երկրներում: Ընդդիմադիր պատգամավորները մասնակցում են օրինագծերի քննարկմանը, հանդես են գալիս առաջարկություններով, փորձում են մնացած պատգամավորների հետ գտնել հարցերի օպտիմալ լուծումները: Նման վարքագիծը Հայաստանի բողոքական ընտրազանգվածին դուր չի գալիս. այդ քաղաքացիները, ինչպես նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիրները եւ հրապարակախոսներն ու ֆեյսբուքյան ստատուսագիրները սկսում են մեղադրել խորհրդարանական ընդդիմադիրներին «գաղտնի պայմանավորվածությունների», «կոլաբորացիոնիզմի» եւ անգամ «ծախվածության» մեջ: Քաղաքական երկխոսության մշակույթը Հայաստանում ակնհայտորեն չի ձեւավորվել: «Սրանց հետ ի՞նչ երկխոսենք»,- զայրացած բացականչում են «հակամարտող» կողմերը՝ ի պատասխան երկխոսության առաջարկի:

Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը հիմնականում հակված է առաջին տարբերակին. ըստ այդ տրամաբանության, ի՞նչ երկխոսություն կարող է լինել «կապիտուլյանտի» թիմի հետ: Բայց այդ տրամաբանությանը հակասում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Արթուր Ղազինյանի պերմանենտ առաջադրումը ԱԺ հանձնաժողովներից մեկի փոխնախագահի պաշտոնին՝ մի պաշտոն, որի համար պարոն Ղազինյանն, իմ կարծիքով, անգլերեն ասած՝ «overqualified» է: Պարզ չէ, թե ինչ խնդիր է դրանով լուծում ընդդիմությունը: Եթե այլ թեկնածու չառաջադրելը նրանց համար սկզբունքի հարց է, ապա, ի վերջո, թող այդ աննշան պաշտոնը թափուր մնա: Կամ ՔՊ-ականին տան՝ աշխարհը շուռ չի գա: 

Ես այս պատմության մեջ ոչ մի քաղաքականություն էլ չեմ տեսնում: Ես տեսնում եմ երկու մարդու՝ Քոչարյանի (Ռոբերտ) եւ Փաշինյանի, մեղմ ասած, «համառությունը»: Երբ երկու կամակոր․․․ էակներ հանդիպում են մի կամրջի վրա եւ իրար ճանապարհ չեն տալիս, կամրջի մոտ ամբողջ «երթեւեկությունը» խցանվում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր