211652_close_icon
views-count4971 դիտում article-date 10:13 01-12-2021

Սահմանին «պատահական միջադեպերով» խաղաղություն չի հաստատվում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պատմությունը փաստում է, որ նման արյունալի բախումներից հետո կողմերի միջեւ հարաբերություններ հաստատելու համար տասնամյակներ են պետք: Թյուրքական կողմի նման շտապողականությունը կարելի է բացատրել միայն մեկ հիմնավորմամբ՝ պատերազմի ելքային արդյունքները սեփական շահերի համար օգտագործելու եւ առավելագույն արդյունք ստանալու ձգտմամբ:

Թվում է, թե այդ տրամաբանության մեջ վերջիններս պետք է առավելագույնը ներդնեին իրենց նպատակներին հասնելու համար, բայց այդ պետությունների էլիտաների հայտնի քաղաքական-ավանդական գործելաոճն է այսօր հիմնական որոշիչը, երբ խոսքը եւ գործը հակադրության մեջ են: Անկարայի եւ Բաքվի ներկայիս գործողություններն աշխատում են հենց այդ պետությունների նախանշած՝ սեփական նպատակներին հասնելու դեմ: Թուրքիայի խրախուսմամբ այսօր Ադրբեջանի բոլոր գործողություններն ուղղված են երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի քաղաքացիների միջեւ վստահության մթնոլոտ ձեւավորելու գործընթացների դեմ: Այլ արդյունք հնարավոր չէ նշմարել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմաններին պաշտոնական Բաքվի կազմակերպած պարբերական  սադրանքներում:

Նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հանդիպման շրջանակներում Իլհամ Ալիեւը նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության եւ զինծառայողների շարունակական, նպատակային սպանությունները որակեց որպես «ոչ սիստեմատիկ, հատուկենտ, պատահական միջադեպեր», ինչը նմանեցրեց «համակարգային ճգնաժամի» հետ: Սա՝ Բաքվի առաջնորդի խոսքերով, իսկ իրականում՝ այն տասնամյակներով ադրբեջանական հասարակության շրջանում նախադպրոցական հաստատություններից սկսած պետական մակարդակով հայատյացության  դաստիարակության համակարգային հետեւանքն է, երբ նույն Ալիեւը պետական բարձրագույն պարգեւներ էր շնորհում քնած հայ սպային կացնահարողին կամ քառօրյա պատերազմում հայ զինծառայողին գլխատած ադրբեջանցուն:

Այսօր արդեն ահաբեկչությունը խրախուսողն ինքն է տեսնում համակարգային խնդիրը, բայց եւ միանգամից ճշտում, որ սպանությունները «պատահական» են: Թյուրքական կողմը գերագույն ճիգեր պետք է գործադրի, որպեսզի հասկանա, որ նման «պատահական» միջադեպերով, որոնց հետեւանքով քաղաքացիական անձինք են սպանվում, փոխհարաբերություններ հաստատել հնարավոր չէ: Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման դեպքում այդ «պատահական» միջադեպերը կանխելու հավանականությունը շատ փոքր կլինի: Հաղորդակցության ուղիների վերագործարկելուն պես սկսված ահռելի տրանսպորտային հոսքի պայմաններում ոչ մի մեխանիզմ չի կարողանա կանխարգելել մահվան ելքերով «պատահական միջադեպերը», ընդ որում՝ երկու կողմերի համար էլ»:

Մանրամասն՝ թերթի յասօրվա համարում։

Նմանատիպ նյութեր