211652_close_icon
views-count2549 դիտում article-date 11:17 27-11-2021

Հայաստանում «խորքային հակապետություն» է գործում․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Որոշումների կայացման ինստիտուցիոնալ համակարգերը, օրինակ՝ Ազգային ժողովը, Կառավարությունը կամ Անվտանգության խորհուրդը ծիծաղելիորեն հեռու են այդ գործընթացից, խորհրդարանն ընդամենն անդեմ ուսապարկերի հավաքականություն է, Կառավարությունը՝ դպրոցական աշակերտների հանգույն ոտքի կանգնողների հպատակ խմբակ, իսկ Անվտանգության խորհուրդը հայտնի է նրանով, որ դրա ղեկավարը հիմնականում հանդես է գալիս Ադրբեջանի շահերի սպասարկման դիրքերից։

Ահա այս պայմաններում բոլոր կարևորագույն որոշումները Նիկոլ Փաշինյանը կայացնում է կամ անձամբ, կամ գուցե  ընդամենը մի քանի անձի հետ քննարկելով։ Դա որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ և չի ենթադրում հաշվետվողականության ու պատասխանատվության որևէ մեխանիզմ կայացված որոշումների իրագործման կամ տապալման համար։ Որոշումների կայացման նման մոդելը խիստ վերապահումներով  կարելի է համարել, այսպես կոչված, «խորքային պետության» դրսևորում, այնքանով, որքանով Փաշինյանի նեղ շրջապատի անդամները ներկայացնում են իշխանության այս կամ այն թևին, այս կամ այն բիզնես-օլիգարխիկ խմբի շահերը։

Իհարկե, դա դասական իմաստով «խորքային պետություն» չէ, քանի որ վերջինս ենթադրում է էլիտաների շատ ավելի լայն խավի ընդգրկում։ Բայց այնքանով, որքանով որ դա փաստացի որոշումների կայացման հիմնական մեխանիզմն է, համարվում է խորքային պետություն՝ բառի լայն ընդգրկմամբ։ Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով, որ այդ միջոցով կայացված որոշումների արդյունքներն իրենց բնույթով սպասարկում են ոչ թե պետության շահերը, այլ ունեն հակապետական նշանակություն, Հայաստանում գործում է ոչ թե խորքային պետություն, այլ «խորքային հակապետություն»՝ անխորք ուսապարկերի ու մնացյալ խամաճիկների դեկորային շղարշավորմամբ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր