211652_close_icon
views-count1999 դիտում article-date 11:00 26-11-2021

Անհնար է միաժամանակ պատերազմել և բանակցել․ «ՀայաստանիՀանրապետություն»

«ՀայաստանիՀանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանը հրահրում է սողացող պատերազմ: Մեկ շաբաթվա ընթացքում վերջինիս զինված ուժերը ՀՀ սուվերեն տարածքում հարձակում գործեցին Սյունիքում, որին հաջորդեցին հրադադարի խախտումները Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի սահմաններին:

Ադրբեջանի նման վարքագիծն առավել քան անտրամաբանական եւ տարօրինակ է, հատկապես՝ այսօր Սոչիում նախատեսված եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հանդիպումից առաջ: Եթե նման սադրանքներով փորձ է արվում հայկական կողմի վրա ճնշում գործադրելով բանակցություններում ցանկալի արդյունքների հասնել, ապա այդ գործելաոճն ուղղակի կարող է առնվազն անիրատեսական գնահատվել: Այդ քայլերով հնարավոր չէ բանակցություններում որեւէ արդյունքի հասնել, քանի որ նման սադրիչ գործողություններին, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հետեւելու են հայկական զինուժի պատասխան հակագործողությունները, որոնք սովորաբար ավելի ծանր հետեւանքներ են ունենում, ինչպես սովորաբար եղել է: Ադրբեջանն ամեն հայկական զոհի համար պատասխանելու է բազմապատիկ կորուստներով՝ հոկտեմբերի 16-ի ռազմական գործողությունների օրինակով, եւ անխուսափելիորեն նույն պատասխանն է լինելու դրան հաջորդած երկու հայ զինծառայողների դավադիր սպանությունների դեպքում: Նման վարքագծով ամենաքիչը, որ կարող է Ադրբեջանը՝ սահմանի ողջ երկայնքով նշանառուների պատերազմ հրահրելն է, որը, բացի երկուստեք զոհերից, այլ հետեւանք երբեւէ չի ապահովել ու չի էլ կարող ապահովել:

Պաշտոնական Բաքվի նման վարքագիծը մինչեւ բանակցություններն արդեն կանխորոշում է դրանց ընթացքը եւ ելքը: Աբսուրդի ժանրից են տարածաշրջանում Ադրբեջանի նման ռազմական սադրանքները, երբ վերջինս զուգահեռ պարբերաբար խոսում է տարածաշրջանի հաղորդակցությունների բացման, տնտեսական համագործակցության մասին՝ ոչ միայն դրա համար չստեղծելով անհրաժեշտ նվազագույն պայմանը՝ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար, այլեւ ճիշտ հակառակը՝ ամեն կերպ խոչընդոտելով դրան:

Անհնար է եւ՛ պատերազմել, եւ՛ բանակցել, դա աբսուրդ է, մարդկության պատմության հազարամյա էջերում նման դեպքեր չկան: Ադրբեջանը պետք է իր «մեծ եղբոր»՝ Թուրքիայի հետ կողմնորոշվի՝ պատերազմելո՞ւ է, թե՞ բանակցելու: Արցախյան 44-օրյա պատերազմը փաստեց, որ զենքի ուժով Արցախի Հանրապետության կարգավիճակի խնդիրը ոչ միայն չլուծվեց, այլեւ ավելի խորացավ՝ դրան ավելացնելով նրա օկուպացված տարածքների եւ բռնագաղթածների հիմնահարցերը: Հետեւաբար՝ ցանկացած կոնֆլիկտ կարող է լուծվել միայն քաղաքական բանակցությունների հիման վրա: Վերջիններիս արդյունավետությունն էլ կախված է դրանց հիմքում դրված փաստական հանգամանքների իրավական հիմնավորվածությունից: Խաղաղությունը տարածաշրջանում անհրաժեշտ է բոլոր երկրներին, որի միակ ուղին կառուցողական բանակցություններն են, իսկ միակ անցանկալի այլընտրանքը՝ հավերժ պատերազմը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր