211652_close_icon
views-count3278 դիտում article-date 10:48 26-11-2021

Նոր խոսք միջազգային հարաբերություններում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց ուզում ենք մի հարց տանք Ադրբեջանին եւ Թուրքիային։ Թուրքիային նկատի ունենալով, քանի որ իրենք ասում են՝ մեկ ազգ՝ երկու պետություն, իրենք ուզո՞ւմ են Հայաստանը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել եւ ավարտին հասցնել, թե՞ չէ։ Եթե չէ՝ դա ուրիշ հարց է, եթե հա՝ մեր ընտրությունը ո՞րն է»,- հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ահա այսպիսի «ճանապարհային քարտեզ» է առաջարկում Նիկոլ Փաշինյանը:

Հավանաբար, ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ կուղարկի Հայաստանի վարչապետին մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ. «Հարգարժան վարչապետ, ի պատասխան Ձեր հարցման, սույնով հավաստիացնում եմ,  որ Թուրքիան չի ցանկանում ոչնչացնել Հայաստան պետությունը եւ չի ցանկանում շարունակել ու ավարտին հասցնել հայ ժողովրդի ցեղասպանությունը:

Ի դեպ, ոչ մի ցեղասպանություն չի եղել: Երդվում եմ, որ մենք այլեւս ոչ մի վնաս չենք պատճառի Հայաստանին եւ հայ ժողովրդին»: Ի դեպ, ինչպե՞ս պատահեց, որ հայերը, ասենք, 1914 թվականին «չֆայմեցին» նման հարցում ուղարկել Էնվերին կամ Թալեաթին՝ գուցե նրանք պատմեի՞ն իրենց մտադրությունների մասին: Կամ Մոլոտովը 1939 թվականին Ռիբենտրոպի ձեռքը սեղմելիս, կարող էր, չէ՞, հարցնել. «Մի հատ անկեղծ ասա, Յոահիմ, դուք հարձակվելո՞ւ եք Խորհրդային Միության վրա»:

Ինչ խոսք, նման մոտեցումը նորարարական է միջազգային հարաբերություններում, «աննախադե՜պ»: Որեւէ երկրի, նրա քաղաքականության մասին տեղեկություններ հավաքելու եւ վերլուծելու, բանակցությունների միջոցով ինչ-որ մի հանգուցալուծման գալու փոխարեն, դու պարզապես հարցնում ես՝ ի՞նչ է դիմացինդ մտադիր անել, եւ նա քեզ անկեղծորեն պատմում է: Օրինակ, ես Պուտինին կհարցնեի՝ «հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, Դուք ցանկանո՞ւմ եք, որ Հարավային Կովկասում «Հայաստան» անունով պետություն չլինի»: Եվ Ռուսաստանի նախագահը կպատասխաներ՝ «ոչ, նման պետություն մեզ պետք չէ. մեզ պետք է տարածք, որը բնակեցված կլինի հայերով, եւ որը մեր «ֆորպոստն է» լինելու այդ տարածաշրջանում»: Բայդենին էլ կարելի է հարցնել՝ «ի՞նչ եք Դուք մտածում Հայաստանի ապագայի մասին»: ԱՄՆ նախագահն էլ կպատասխանի՝ «սպասեք, ես իմ օգնականներին կանչեմ, թող նրանք ինձ ցույց տան քարտեզի վրա Հայաստանի տեղը»:

Այդպիսով՝ բոլորի մտադրություններն ու պատկերացումները պարզ կդառնան, եւ մենք էլ մեր անելիքը կիմանանք: Այստեղ կա միայն մի խնդիր: Մեր ղեկավարությունն էլ պետք է անկեղծորեն պատմի իր մտադրությունների մասին: Ա՛յ, դա արդեն բարդ է: Ոչ թե այն պատճառով, որ նրանք ծածկամիտ են: Ոչ, Հայաստանի ղեկավարները մեծ հաճույքով կպատմեին, թե ինչ են ուզում անել: Եթե իմանային»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր