211652_close_icon
views-count4947 դիտում article-date 11:06 24-11-2021

Կարծես թե նավն ավելի է խորանում օվկիանոսի ալեկոծ ջրերում` մեզ զրկելով երբևէ ափ դուրս գալու հնարավորությունից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտաքին դաշտում` խնդիրներ, սահմանին` խնդիրներ, ներսում` խնդիրներ: Բարդ իրավիճակում է հայտնվել Հայաստանը: ՀՀ կառավարությունը պետք է փորձի լուծել այս բոլոր խնդիրները եւ, Փաշինյանի տերմինոլոգիայով ասած` «նավն ալեկոծվող օվկիանոսում հասցնի ափ»: Բայց, ցավոք սրտի, մենք չենք տեսնում այդ քայլերը, որոնք մեզ կմոտեցնեին ափին: Հակառակը` կարծես թե նավն ավելի է խորանում օվկիանոսի ալեկոծ ջրերում` մեզ զրկելով երբեւէ ափ դուրս գալու հնարավորությունից: Ո՛չ արտաքին ասպարեզում, ո՛չ դիվանագիտական դաշտում, ո՛չ էլ ներքին հարցերում չկան լուծումներ, հուսադրող եւ իրավիճակ լիցքաթափող քայլեր: Ռուսաստան-Եվրոպա այլընտրանքի մեջ խարխափող մեր իշխանությունը, որը կարծում է, թե մի օր Ռուսաստանի, մյուս օրը` ԱՄՆ դեսպանին ընդունելը, մի օր Ռուսաստանի, մյուսը օրը` Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույց ունենալը շատ ճկուն արտաքին քաղաքականության դրսեւորումներ են, բայց չի կարողանում երկրի անվտանգության կայուն երաշխիքներ ապահովել:

Նույնկերպ չի կարողանում բանակը վերականգնել եւ սահմանին ՀՀ զինված ուժերի վերահսկողություն սահմանել: Բայց որ առավել տարօրինակ է` ներքին կյանքում էլ, որտեղ թերեւս ամենահեշտն է, չի կարողանում բարելավման հասնել: Այն ռեսուրսը, որը ծախսվում է ընդդիմության դեմ անպտուղ պայքարում, կարող էր ծախսվել հասարակությունը կոնսոլիդացնելու վրա, եւ դա նաեւ կամրացներ իշխանությունների թիկունքը դրսի «ճակատներում»:

Բայց ընդդիմության հանդեպ չարությունն ու քինախնդրությունը թույլ չեն տալիս նման քայլերի գնալ: Ասենք` Արթուր Ղազինյանին չընտրելն ի՞նչ է տալիս Փաշինյանին: Կամ, մի՞թե Արմեն Չարչյանին, Առուշ Առուշանյանին, Արթուր Սարգսյանին ու Մխիթար Զաքարյանին բանտում պահելն ավելի կարեւոր է, քան երկրի ապագան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր