211652_close_icon
views-count5804 դիտում article-date 23:26 19-11-2021

Չեղարկվել են Երեւան-Կապան-Երեւան թռիչքները. ավիափոխադրողը հետ է վերցրել հայտը. Sputnik Արմենիա

«Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը, որը ներկայացրել էր քաղավիացիայի կոմիտեին։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեիի մամուլի ծառայությունից:

Կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ է ներկայացրել իրենց՝ Երևան-Կապան-Երևան երթուղով դեպի ՀՀ տարածք երկու և ավելի ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու վերաբերյալ:

Տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը պլանավորում էր թռիչքներ իրականացնել 2022 թվականի հունվարի 20-ից մինչև սեպտեմբեր 20–ը L410 տիպի օդանավով:

«Հայտնում ենք, որ կոմիտեի կողմից վերոնշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16 -ին գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը», - հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից:

Գերատեսչությունից տեղեկացրել են նաև, որ կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի հրամանով Կապանի «Սյունիք» օդանավակայանին տրվել է «աերոդրոմի սերտիֆիկատ», ինչը միջազգային չափանիշներին համապատասխան վկայում է օդանավակայանի՝ շահագործման պատրաստ լինելու մասին:

Հիշեցնենք, որ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների մասին տեղեկությունը հայտնվեց նոյեմբերի 11-ին: Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները 44–օրյա պատերազմից և հայկական զորքերի դուրսբերումից հետո գտնվում են թռիչքուղուց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

Երևանից Կապան կարելի է հասնել 5-6 ժամում։ Խորհրդային տարիներին այստեղ կառուցվել են օդանավակայան և երկաթգիծ։ 90-ական թվականների սկզբից օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը, հայտնվել են ադրբեջանական ուժերի հրետակոծության տակ: 2017-ին, երբ այստեղ սկսեցին կապիտալ վերանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա գտան չպայթած արկ։

Նմանատիպ նյութեր