Ադրբեջանին Սյունիքով միջանցք տրամադրելը Հայաստանի դեմ գործած ամենածանր հանցագործությունը կլինի․ Արթուր Ղազինյան. NEWS.am
Չի բացառվում, որ Ադրբեջանին տրվել են բանավոր խոստումներ, որոնց ետևից էլ եկել է ինքը՝ դիմելով ռազմական էսկալացիայի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Ադրբեջանը լեգիտիմ իրավունք է ստացել պահանջելու այն, ինչ-որ իրեն խոստացել էին բանավոր կերպով։ Կարծում եմ՝ այդ խոստումը տրվել էր երրորդ կողմերի ներկայությամբ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ էր խոստացվել Ադրբեջանին։ Դատելով միջազգային հանրության արձագանքից կամ առհասարակ դրա բացակայությունից՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի պահանջը ներքին կարգով հասցված է եղել միջազգային հանրությանը։ Այլապես վստահ եմ՝ եթե ռազմական ուժի դիմելու լեգիտիմ հիմք չլիներ, արձագանքը բոլորովին այլ կլիներ և Ադրբեջանը երբեք չէր համարձակվի Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն անել»,- նշեց նա։
Ղազինյանի կարծիքով՝ Ադրբեջանը ցանկանում է հասնել դելիմիտացիայի և դեմարկացիայի իր ուզած տարբերակով և ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան։
«Նրան պետք է, որ Հայաստանը մոռանա Արցախի մասին, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, ինչի հետևանքով ռուսական խաղաղապահ ուժերն ինչ-որ պահի դուրս կգան Արցախից և վերջնականապես կլուծվի Արցախի հարցը՝ հօգուտ Ադրբեջանի։ Իսկ առանց Արցախի՝ Հայաստանի սուբյեկտայնությունը գրեթե զրոյանում է։ Ամեն օր մենք տեսնում ենք, թե ինչպես է անկում ապրում մեր ինքնիշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու համար պատրաստ է յուրաքանչյուրի հետ գնալ ցանկացած առևտրի Հայաստանի ազգային-պետական շահի դեմ։ Կրակոցների աճին զուգընթաց նրա մեջ աճում է դեմարկացիա անելու ցանկությունը։ Հիմքում եղել է և մնում է իշխանության պահպանումը։ Նրա համար որևէ այլ արժեք և սկզբունք գոյություն չունի»,- ասաց պատգամավորը։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ անթույլատրելի կլինի Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տալը։
«Ադրբեջանին Սյունիքով միջանցք տրամադրելը, անգամ դրա փորձը պատմական մաշտաբի երևի թե ամենածանր հանցագործությունը կլինի՝ ուղղված Հայաստանի պետականության դեմ։ ՀՀ տարածքով չի կարող տրվել էքստրատերիտորիալ որևէ տարածք որևէ երկրի։ Այս հարցում կարծես վճռական են տրամադրված նաև Իրանը և Ռուսաստանը։ Ցանկացած փորձը հասնելու իրենց նպատակին, օգտագործելով Հայաստանում փաշինյանական իշխանության ամբողջ խոցելիության բազան, ևս կարժանա միջազգային և տեղական շատ լուրջ դիմադրության»,- ընդգծեց Ղազինյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։