211652_close_icon
views-count1856 դիտում article-date 10:38 14-11-2021

YEREVAN JAZZ FEST միջազգային 7-րդ փառատոնը կմեկնարկի աշխարհահռչակ Ռիշար Բոնանի համերգով

Ջազի հայկական ասոցիացիան ներկայացնում է «YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնը։

Այն կմեկնարկի նոյեմբերի 17-ին` Փրայմ Հոլում: Չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը` այս տարի էլ փառատոնը կբացվի «Ararat Jazz Night» համերգով, որի գլխավոր հյուրը GRAMMY-ի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան է: 

«YEREVAN JAZZ FEST 2021»-ն այս տարի հանդես կգա նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ: Կինոյի տանը կցուցադրվի «Կեսգիշերին մոտ» (Round midnight) ջազային մոտիվներով ֆիլմը, երաժշտությունը` Հերբի Հենքոքի:

«Կեսգիշերին մոտ» ֆիլմի ցուցադրությանը կնախորդի համերգ, որի ընթացքում երիտասարդ ջազ երաժիշտները հանդես կգան կինոկնարում հնչած ստեղծագործությունների կատարումների իրենց մեկնաբանությամբ:

«YEREVAN JAZZ FEST 2021»-ի ջազ փառատոնըկհասնի նաև մարզեր: Գորիսում համերգով հանդես կգա Մալխաս ջազ բենդը, Դիլիջանում ելույթ կունենա Վահագն Հայրապետյանն իր բենդով:

Երևանում`«Արամ Խաչատրյան» համերգասրահում,տեղի կունենա «YEREVAN JAZZ FEST 2021»-ի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ միջոցառումը: Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբն ու Վահագն Հայրապետյան ջազ տրիոն: Կհնչեն Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունները`Վահագն Հայրապետյանի ջազային մշակմամբ:

«YEREVAN JAZZ FEST 2021»միջազգային 7-րդ ջազ փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում `  կենդանի լեգենդ, աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբամի և նրա բենդի համերգով։ Այն նվիրված է սիրված ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժԱրմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին:
 

Նմանատիպ նյութեր