211652_close_icon
views-count1766 դիտում article-date 14:43 12-11-2021

Հանցավոր անտարբերությունն աններելի է, երկակի ստանդարտներով գործելը վատ նշան և ունենալու է բումերանգի էֆեկտ․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը»՝ Արմեն Չարչյանի կալանքի տակ մնալու մասին

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«100 օրից ավել է, ինչ կալանքի տակ է վաստակաշատ բժիշկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը` բազմաթիվ հիվանդների մահվան ճիրաններից փրկած, կյանք վերադարձրած անձնավորություն, մարդ, ով այս օրերին էլ կարող էր շարունակել Տիրոջ կամքով իրեն շնորհված մարդասիրական առաքելությունը:

Նրան կալանքի տակ պահելու իրավական հիմքերի, մինչև դատավարություն ազատ արձակելու հնարավորությունների մասին բազմիցս է խոսվել, սակայն իշխանությունների կողմից իջեցված ակնհայտ քաղաքական պատվերը շարունակում է անել իր սև գործը` կամակատարի կարգավիճակում պահելով դատական ատյանին: Վերջինս քաղաքական պատվեր իջեցնողի հետ ակնհայտորեն մոռանում է, որ գալու է անխուսափ հատուցման պահն ու այն հնչելու է օրենքի ողջ խստությամբ:

Հատկանշական է, որ քաղաքացիական հասարակության թույլ դիմադրության կողքին շարունակում է քար լռություն պահպանել բժշկական համքարությունը, որը կարծես թե պիտի առանձնապես շահագրգռված լիներ կոլեգայի ճակատագրով: Իսկ առավել զարհուրելին ՀՀ առողջապահության նախարարության դիրքորոշումն է: Հրաշալի տեղեկացված լինելով պրոֆեսորի ծանր առողջական խնդիրներից, դեռևս սեպտեմբերի 25-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությունից ու դրա եզրակացության բացակայությունից` այն պահպանում է մահաշունչ լռություն:

Ոչ պակաս հատկանշական է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների, դեմոկրատական աշխարհի պիտակ կրող երկրների դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների պահվածքն ու վարքագիծը, որոնք, զորօրինակ, մի թիթեռնիկի համար կարող են համաշխարհային աղմուկ բարձրացնել, բազմաթիվ օրենքների ու օրինագծերի փոփոխման, խմբագրման հարց բարձրաձայնել, սակայն այս դեպքում  քար լռություն են պահպանում, ինչպես համրախոս եղան Արցախյան պատերազմը սանձազերծած Ադրբեջանին դատապարտելու, ագրեսորի գնահատականը տալու հարցում:

Հարկ ենք համարում զգուշացնել, որ պահպանվող հանցավոր անտարբերությունն աններելի է, իսկ պատեհապաշտությունը, երկակի ստանդարտներով գործելը վատ նշան` այն անխուսափելիորեն ունենալու է բումերանգի էֆեկտ»:

Նմանատիպ նյութեր