211652_close_icon
views-count1645 դիտում article-date 22:36 09-11-2021

«Սևան« ՖԱ-ն սպառնում է այլևս խաղադաշտ դուրս չգալ

«Սևան» Ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասված է.

««Սևան» Ֆուտբոլային ակումբը առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի ուժեղագույնների խմբում, բայց դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ, այնուհետև մրցաշրջանի ընթացքում, ակումբը անընդհատ խոչընդոտների է հանդիպում ՀՖՖ ղեկավարության կողմից։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Սևան» ՖԱ ղեկավարությունը 2021-2022 մրցաշրջանից առաջ կառուցողական մոտեցում է ցուցաբերել ՀՖՖ-ի հետ հարաբերություններ ձևավորելու հարցում՝ պատրաստ լինելով ցանկացած առողջ քննարկման բոլոր հարթակներում, ցանկացած ձևաչափով և ամենաբարձր մակարդակով։ Բայց Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած կառույցը քաջություն չցուցաբերեց քննարկել որևէ հարց։ Ավելին, արվեց ամեն ինչ, լրացուցիչ դժվարություններ առաջացնելու համար։ Ստորև ներկայացնենք մի քանիսը։

Հայաստանի առաջնության մասնակից թիմերից միայն «Ալաշկերտը», «Ուրարտուն» և «Վանը» ունեն սեփական ստադիոն, մնացած 7 թիմերը ՀՀ առաջնության խաղերի համար վարձակալում են ստադիոնները։ 5 թիմերին ՀՖՖ-ն տեղավորել է «Հանրապետականում» և Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայի ստադիոնում։ «Սևանի» դիմումը մերժվեց այդ ստադիոններից որևէ մեկում խաղալու համար և միայն «Ալաշկերտի» սեփականատերը համաձայնեց խաղադաշտ տրամադրել ՀՀ առաջնության հանդիպումներ անցկացնելու համար։

«Սևան» ՖԱ-ն ՀՖՖ ներկայացուցչին մասնավոր զրույցի ժամանակ առաջարկեց վարձակալության սկզբունքով ակումբին տրամադրել որևէ մարզաբազա (Աբովյանի քաղաքային ստադիոնը, Միկա ստադիոնը կամ Արմավիրի ստադիոնը), այնտեղ մեծածավալ ներդրումներ կատարելու պայմանով։ Ի դեպ, ներդրումները կատարվելու էին շատ արագ և նպատակային, որպեսզի թիմը ունենա մարզումային խաղադաշտեր, ստադիոն և անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Ցավոք ՀՖՖ-ն նախընտրեց Արմավիրը տալ անհասկանալի ֆուտբոլային սուբյեկտի, իսկ մյուս երկուսը պահել իր անմիջական ենթակայության տակ, միևնույն ժամանակ՝ արգելելով մարզվել Միկայում։

Միակ համագործակցությունը ՀՖՖ-ի հետ եղել է ԲԿՄԱ-ի հարցում։ Մենք վերջինն ենք տվել համաձայնությունը, որ ԲԿՄԱ-ն խաղա ուժեղագույնների խմբում, որպեսզի մեր երիտասարդները չզրկվեն խաղային պրակտիկայից և օգտակար լինեն Հայաստանի հավաքական թիմերին։ Այս քայլի դիմաց Մելիքբեկյան Արմենը համաձայնել է վճարովի սկզբունքով տրամադրել Ավանի Ակադեմիայի միայն մարզումային դաշտը՝ արգելելով օգտվել լողավազանից, ֆիթնես սրահից և անգամ ժողովների համար նախատեսված սենյակից։ Սակայն հետո շատ արագ գտան տարբերակ խաղադաշտ չտրամադրելու համար։

Հայաստանի հավաքականի մարզումների մեկնարկից մեկ շաբաթ առաջ «Սևան» ՖԱ-ին զգուշացնում են, որ Կապարոսի հրահանգով ոչ մի ակումբ այստեղ չի մարզվելու, սակայն շատ հեշտ այնտեղ հայտնվում են «Արարատ-Արմենիան», «Փյունիկը» և «Նոան»։ Սա այն դեպքում, երբ Էջմիածնի 4 խաղադաշտերով բազան տրամադրվել է «Նոային»։
Հիմա ստիպված ենք ամեն անգամ մարզումների համար խաղադաշտ ման գալ և անընդհատ դեգերում ենք Ձորաղբյուրից մինչև Վանաձոր։ Նույնիսկ ամենօրյա դժվարությունները «Սևանին» չընկճեցին և մեր նորաստեղծ, երիտասարդ թիմը շատերի համար անակնկալ կերպով առաջատարների թվում հայտնվեց և, բնական է, որ սա չէր մտնում ՀՖՖ-ի ծրագրերի մեջ։

Այստեղ էլ սկսվեցին կուլիսային խաղերը։ Հասկանալով, որ մեր թիմին նույնիսկ գոլ խփելն է դժվար, «Նոայի» դեմ խաղում մրցավարը մեր դարպասին հորինում է 11 մետրանոց, իսկ 2 ակնհայտ 11 մետրանոցները մրցակցի դարպասին չի տեսնում, ինչի արդյունքում պարտվում ենք։

Այս դեպքից երկու տուր անց «Սևան» – «Ուրարտու» սեփական հարկի տակ խաղի պատվիրակը հայտնում է, որ հանդիպմանը ներկա է գտնվելու ՀՖՖ նախագահը, ինչը շատ զարմանալի էր, և ամրագրում է մարզադաշտի VIP գոտու 5 նստատեղ։ Բայց ինչ տեղի է ունենում հետագայում հիշեցնում է հեքիաթ։ Ոչ միայն Արմեն Մելիքբեկյանն ու իր ուղեկցողները չեն ժամանում, այլև չի ժամանում Շտապօգնություն սպասարկող բրիգադը։ 43 րոպե անհույս սպասում, ևս 2 րոպե և ՀՖՖ ներկայացուցիչը խոստանում է տեխնիկական պարտություն գրանցել, բայց աներևակայելի էր, բժիշկները ճանապարհին մարդու կյանք էին փրկել, իսկ հետո փրկեցին խաղը, որն ավարտվեց 0:0 ։

Եվ այսպես, երկու տուրը մեկ «Սևանի» նկատմամբ դավեր են հյուսում։ Վերջինը «Արարատի» հետ խաղում մրցավարի չնշանակած բացահայտ 11 մետրանոցն էր:
Պարզից պարզ է, որ «Սևանը» խանգարում է շատերին և խառնում մրցաշարային աղյուսակի խաղաքարտերը։ Ըստ ՀՖՖ բարձրաստիճան ղեկավարության ծրագրի «Սևանը» պետք է տեղ զբաղեցներ ոչ թե առաջին քառյակում, այլ վերջին քառյակում։ Չէին հավատացել, որ մարտունակ թիմ է հավաքվելու։ Դրա համար սկսվել է այս արշավը, ամեն գնով խանգարել և հունից հանել ղեկավարությանը, որը սեփական միջոցները չի խնայում հայկական ֆուտբոլի զարգացման համար։

Ի դեպ, նման խանդի տեսարաններ են ստեղծվել նաև հովանավորի հարցում։ Մեր գլխավոր հովանավորի և գործընկներների վահանակները ՀՖՖ-ն թույլ չի տալիս տեղադրել մարզադաշտում և ասուլիսների համար նախատեսված սրահում։ Սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում պարտավորությունները իրականացնելու համար։

Այն, որ ՀՖՖ-ն թիմերին բաժանել է յուրայինների և օտարների՝ անհերքելի է։ Պատահական էր արդյո՞ք, որ անցած մրցաշրջանում միշտ տուժում էին ընդդիմադիր կեցվածքով հայտնի «Գանձասարը», «Շիրակն» ու «Լոռին»։ Այս թիմերից երկուսը դադարեցրել են իրենց մասնակցությունը բարձրագույն խմբում, իսկ «Շիրակը» խաղում է առաջին խմբում։ Հիմա էլ ՀՖՖ-ն անում է ամեն ինչ «Սևանից» ազատվելու համար և չի թաքցնում դա։
Ելնելով ստեղծված իրավիճակից և հասկանալով, որ ֆեդերացիան ամեն ինչ անում է «Սևան» ակումբի դեմ մենք պահանջում ենք․

ՀՀ բարձրաստիճան ղեկավարների կողմից ՀՖՖ նախագահ կարգված անձնավորությանը կարգի հրավիրել և կատարել ֆուտբոլային բոլոր ոլորտներում ձախողված ՀՖՖ ղեկավար կազմի անհապաղ փոփոխություն, ընդհուպ պահանջում ենք նրանց հրաժարականը։
Այլապես, եթե չկատարեն համապատասխան քայլեր, ապա հաջորդ տուրի՝ նոյեմբերի 17-ին կայանալիք «Ալաշկերտ» – «Սևան» խաղին, մեր թիմը խաղադաշտ դուրս չի գա։
Ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մենք կատարել և հետագայում էլ կատարելու ենք բոլոր պարտավորությունները ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակազմի նկատմամբ։ Եվս մեկ անգամ կրկնում ենք, մեր ակումբը ֆինանսական խնդիրներ չի ունեցել, և չունի։ Իսկ մյուս ակումբներին, ովքեր չեն համարձակվում բարձրաձայնել իրենց խնդիրները, խորհուրդ ենք տալիս չլռել և միանալ պայքարին!!!»

Նմանատիպ նյութեր