211652_close_icon
views-count47804 դիտում article-date 11:12 07-11-2021

Ձեզ բացակա չենք դնի. Կաքավաձորում բացվեց Արցախյան 3 պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած կաքավաձորցի 7 քաջորդիների հիշատակին նվիրված հերոսների պուրակ և խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի կենտրոնական փողոցում բացվեց  Արցախյան  1-ին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան  44-օրյա պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած կաքավաձորցի հերոսների անունով Հերոսների պուրակ և խաչքար:

Գաղափարի հեղինակ, կաքավաձորցի Նվեր Օհանյանի և նրա տիկնոջ կողմից սպիտակ սավանն իջեցնելուց հետո հոգևոր հովիվն օծեց այն, ապա տեղի ունեցավ հերոսներին նվիրված հուշ-երեկո, որի ժամանակ  կենդանի կատարմամբ գյուղի դպրոցի սաները հանդես եկան ասմունքով,  իսկական սասունցու ոգով   երգեր կատարեցին, ապա տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում, մոմովառություն  և խնկարկում:

Ներկա էին հերոսների հարազատները,  բարեկամները,  ընկերները, այդ թվում՝ զինակից:

Խաչքարի քանդակագործ Արծվիկ  Վարդանյանը իսկական հայի կերպարի, հայի անկոտրուն  պայքարի  ոգի է ներդրել խաչքարի մեջ ու տեսնելով այն հասկանում ես, որ  կաքավաձորցին իսկական հայի տեսակ է, կաքավաձորցին ամեն պահի պատրաստ է հող հայրենիի համար դուրս գալ կռվի ու վստահ է, որ այդ կռվում ինքը զինվորն ու  կամավորականը հաղթող են դուրս գալու:

«Այդ 3 պատերազմներում կաքավաձորցին նույնպես հաղթել է, պարտվել են  քաղաքական գործիչներն ու  դիվանագետները», - ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի  հետ զրույցում ասում էին կաքավաձորցիները:

«Մենք մեր երախտիքի խոսքն ենք ուղղում Հերոսների պուրակի գաղափարի հեղինակ Ն. Օհանյանին, նրա ընտանիքի անդամներին, որոնց շնորհիվ այս վայրը բարեկարգվեց ու հիմա  գյուղի համար դարձել է մի նոր Եռաբլուր, սրբության սրբոց: Ամեն անգամ այստեղ գալուց հիշելու ենք լեգենդ դարձած Արցախյան պատերազմներում նահատակված 60-ամյա Անանիա Խաչատրյանին, 50-ամյա Կայծեր Շեկիկյանին, 57-ամյա Մեսրոպ Մխիթարյանին, 49-ամյա Վահե Բաղդասարյանին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Արցախյան 1-ին պատերազմին,  32-ամյա Սասուն Մկրտչյանին, ով իր կյանքը զոհաբերեց Ապրիլյան քառօրյա պատերազմին,  32-ամյա Վաղարշակ Մուրադյանին և 20-ամյա Վահան Մելքոնյանին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Արցախյան  44-օրյա պատերազմին:

Մենք այս հերոս առյուծ ու արծիվ տղերքին բացակա չենք դնի: Նրանք իրենց պայքարով ապացուցեցին, որ նրանց մարմնում իսկական սասունցու արյունն է  հոսել»:

Ի պատիվ հերոսների՝ պուրակում նրանց անվամբ ընտանիքի անդամների կողմից տնկվեցին խորհդանշական եղևնիներ:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 845+
845+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր