211652_close_icon
views-count42722 դիտում article-date 14:49 01-11-2021

«Վեոլիա Ջրի» անմարդկային ու ոչ սրտացավ վերաբերմունքի պատճառով Երևանում՝ Մալաթիա վարչական շրջանում, բնակիչները տևական ժամանակ ոչ միայն ջուր չունեն, այլև շնչում են գարշահոտություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 5-ց ավելի շենքերի մոտ 350-ից ավելի բնակիչներ «դարձել են գերի»՝ «Վեոլիա Ջուր» ընկերության ձեռքում։ 

Արդեն մի քանի օր է, նշված շենքերի բնակիչները չեն կարողանում հստակ պատասխան ստանալ, թե վերջապես «Վեոլիա Ջուրը» երբ է մարդկային վերաբերմունք ցուցաբերելու սպառողների նկատմամբ։ Ամիսներ շարունակ դիտահորերում լցված կեղտաջրերը ամբողջ թաղամասում դարձել են պատուհաս. «Եթե այդպես շարունակվի, խոլերան ապահովված է։ Բազմաթիվ անգամ ահազանգել ենք «Վեոլիա Ջուր» ու միշտ լսել ենք նույն պատասխանը՝ ձեր զանգը գրանցված է, խնդրին տեղյակ ենք»։ 

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Կառավարությունն ասում է՝ պայքարում ենք կորոնավիրուսի տարածման դեմ։ Մի՞թե սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր չէ։ Օրերով ու շաբաթներով ջուր չունենք։ Էնքան ենք զանգել «Վեոլիա Ջուր», որ հենց հեռախոս ենք վերցնում, դրանց համարն ենք զանգում։ Նման անսիրտ ու անփույթ վերաբերմունք, որ 350-ից ավելի բնակիչներ արժանանում են այդ վայ «Վեոլիա Ջրի» փնթի աշխատանքի պատճառով, երևի քարե դարում չէր լինի։ 6-ից ավելի դիտահորեր լցված են կեղտաջրերով։ Չեն բարեհաճում ժամանեն ու խնդիրը լուծեն։ Էն, որ ասում ա՝ «արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մեղրի մասին», հիմա «Վեոլիա Ջրին» ա վերաբերում. 7 երգ գիտեն, 7-ն էլ՝ «ձեր խնդրին ծանոթ ենք, կմոտենանք» պատասխանն է։ Մարդիկ ջուրը հեռու տեղերից են բերում, մոտակա խանութներ մտնելիս վաճառողներն արդեն կատակում են. «Էլի ջո՞ւր եք առնելու»։ Արդեն դեմքով գիտեն։ Պատասխանատուների անգործության հետևանքով շենքերն էլ են վնաս կրում։ Ջրի խոնավության պատճառով առաջին հարկերում շենքերի հիմքերն ու պատերը արդեն բորբոսնել են. «Ցանկանում ենք, որ էդ «Վեոլիա Ջրի» պաշտոնյաները գան, 1 ժամ մնան էստեղ ու իրենք իրենց հարց տան, թե ինչու են սպառողին նման վերաբերմունքի արժանացնում»։

Բնակիչները նշում էին նաև, որ բոլորը կանոնավոր վճարումները կատարում են։ Հետևաբար, «Վեոլիա Ջուրն» իրավունք չունի նման անարդար վերաբերմունք ցուցաբերի իրենց նկատմամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր