211652_close_icon
views-count51038 դիտում article-date 19:41 31-10-2021

Քեզ բացակա չենք դնի. 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած, 19-ամյա հերոս Էդուարդ Մարաբյանի ընկերներն ասում էին. Ավանում քո անվամբ բացված հուշաղբյուրը այսուհետ դառնալու է պայքարի ու հպարտության վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Երևան Ավան վարչական շրջանի Նարեկացի 54 շենքի բակը մարդաշատ էր:
 
Այնտեղ էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, 19-ամյա Էդուարդ Մարաբյանի հարազատները, մանկության, զինվորական և մարզական ընկերները:
 
Այսուհետ Էդուարդի անունով բակում ունենալու են հուշաղբյուր:
 
Հերոսի մայրը հուշաղբյուրի, գնդակի և հուշատախտակի վրայից իջեցրեց Եռագույնը, որից հետո հնչեց Տերունական աղոթքն ու հոգևոր հովվի կողմից այն օծվեց:
 
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին, իսկ հետո մեկնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հերոսի շիրիմին ծաղիկներ խոնարհելու և խնկարկում կատարելու համար:
 
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, իսկ զինվորները պատվո պահակ էին կանգնել հուշաղբյուրի մոտ:
 
Էդուարդ Մարաբյան
 
Ծնվել է 2001թ. փետրվարի 28-ին՝ Երևանում:
 
Ֆուտբոլի սիրահար էր, հանդես էր գալիս «Արարատ Արմենիա» ակումբում, ինչպես նաև՝ «Փյունիկում»: Շատ կատակասեր, ժպտերես, կշռադատված անձնավորություն էր:
 
Ծառայել է Ֆիզուլիում, տանկիստ էր: Պատերազմը սկսվել է իրենց դիրքերից. 35 օր թեժ մարտերում է եղել, ինչպես ֆուտբոլում, այնպես էլ մարտի դաշտում եղել է պաշտպան։
 
Վերջին մարտի ժամանակ կրակահերթով պահել է ընկերներին, որպեսզի դուրս գան թշնամու նշանակետից՝ մնալով մենակ թշնամու հետ:
 
Էդուարդը չէր սիրում նահանջել, բնույթով այդպիսին էր։
Ասում էր. «Որտեղ ես կամ, նահանջ չկա, տղե´րք»։

 
Մարտի դաշտում կատարած քաջագործությունների համար ստացել է սերժանտի կոչում։
 
Հերոսաբար ընկավ հոկտեմբերի 31-ին Մարտունի 2-ում՝ դիպուկահարի գնդակից:
 
Հերոսին ընտանիքին են հանձնել դեկտեմբերի 30-ին՝ զոհվելուց 59 օր հետո:

Հիմա Էդուարդը Եռաբլուրից է պաշտպանում բոլորիս:

Հավերժ Փա՜ռք Քեզ Հերոս:

 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 318+
318+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր