211652_close_icon
views-count1684 դիտում article-date 23:42 29-10-2021

Տեղի են ունեցել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների համերգները՝ «Շնորհալի Հայաստան» խորագրի ներքո

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին տեղի ունեցան «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների համերգները՝ «Շնորհալի Հայաստան» խորագրի ներքո, որոնք եզրափակիչ ակորդ հանդիսացան մեկ ամիս շարունակ տևող «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիային:

Հոկտեմբերի 1-30-ը Երևանում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» Դասական երաժշտության ակադեմիան։ Այն կազմակերպվել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ։

Ակադեմիայի շրջանակներում հիմնադրամի կրթաթոշակառուների, պատանի դաշնակահարների և ազատ ունկնդիրների համար վարպետության դասեր են անցկացրել 20 աշխարհահռչակ երաժիշտներ և պրոֆեսորներ, այդ թվում՝ հանրահայտ դաշնակահարներ Պավել Գիլիլովը, Վլադիմիր Օվչիննիկովը, Ռեմի Ժենյեն, Ժան-Պոլ Գասպարյանը, ջութակահարներ՝ Գիլ Շահամը, Դորա Շվարցբերգը, Գրաֆ Մուրժան, Ֆումիակի Միուրան, թավջութակահարներ Սթիվեն Իսսերլիսը, Ֆելիքս Կորոբովը, Դմիտրի Յաբլոնսկին, ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը, և այլք։

Նրանք բոլորը շատ բարձր գնահատեցին այսպիսի կրթական միջոցառումների իրականացումը և համոզմունք հայտնեցին, որ պատանի կատարողները կարող են մեծ բարձունքների հասնեն, քանի որ գտնվում են այս հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Վարպետության դասերը կազմակերպվել և անց են կացվել Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անունը կրող համերգասրահում: Մեկ ամսվա ընթացքում Ակադեմիայի շրջանակներում կազմակերպված վարպետության դասերի յուրօրինակ ամփոփում-հաշվետվությունն է «Շնորհալի Հայաստան» համերգաշարը:

Երեք համերգների ընթացքում պատանի երաժիշտները ունկնդրի դատին ներկայացրեցին իրենց մասնագիտական հմտություններն ու նաև Ակադեմիայի շրջանակներում վարպետության դասերի ընթացքում ստացած գիտելիքները: Համերգի ավարտին պատանի երաժիշտներին Ակադեմիայի վարպետության դասերին մասնակցելու կապակցությամբ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հանձնեց վկայականներ:

Նմանատիպ նյութեր