211652_close_icon
views-count2399 դիտում article-date 22:06 28-10-2021

Կարեն Գիլոյանը մանրամասներ է ներկայացրել կրոսավազքի՝ 15 մլն դրամ մրցանակային ֆոնդով սիրողական մրցաշարից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ խոսել է հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացվելիք «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի կազմակերպչական հարցերի մասին ու մանրամասներ ներկայացրել, հայտնում է Armsport.am-ը:

10 կմ-ը լուրջ տարածք է․ մրցանակային ֆոնդն էլ՝ պատկառելի

«Հոկտեմբերի 30-ին անցկացնելու ենք խճուղավազքի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարը։ Ինչպես գիտեք, մրցանակային ֆոնդը պատկառելի է՝ 15 մլն դրամ։ Այս անգամ երկուական տարիքային խմբերում կպայքարեն կանայք և տղամարդիկ, նախատեսել ենք նաև 3-րդ տարիքային խումբը՝ 15-17 տարեկան դպրոցականների մասնակցությամբ։ Մրցանակային հիմնադրամը կբաշխվի տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում, իսկ 15-17 տարեկանները որպես նվեր կստանան համակարգիչներ։ Այնպես, որ նրանց նույնպես խրախուսելու ենք։ 15-17 տարեկանները կվազեն մոտ 3 կմ՝ Էջմիածին քաղաքի մուտքից մինչև հրապարակ, իսկ մյուս երկու տարիքային խմբերը կվազեն 10 կմ՝ օդանավակայանի խաչմերուկից մինչև Էջմիածին քաղաքի հրապարակ։

Մասնակիցները վազելու են Երևանից Էջմիածին գնացող մայրուղու ձախ հատվածով, այդ հատվածը փակ է լինելու։ Մեր հաշվարկներով մրցումը մոտ 1 ժամ 20 րոպե կտևի։ Այնուհետև մրցավարները, ովքեր Աթլետիկայի ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մրցավարներն են լինելու, կկատարեն հաշվարկ և ժամը 16։30-ին կկայանա պարգևատրման արարողությունը։

Արմավիրի մարզպետարանի և Էջմիածնի քաղաքապետարանի հետ սերտորեն համագործակցել ենք, ոստիկանությունը ևս շատ օգնում է, ՀՀ առողջապահության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարության հետ ենք անընդհատ կապի մեջ, իրենք էլ են շատ աջակցում։ Բնականաբար, ժողովներին մշտապես ներկա են եղել նաև ՀՀ Կառավարության ներկայացուցիչները և մենք սկզբունքորեն լուծել ենք բոլոր խնդիրները։ Մնում է՝ եղանակային պայմանները բարենպաստ լինեն, շատ ցուրտ և անձրև չլինի, ու կկարողանանք մեր մրցաշարն անցկացնել։

Հասկանում ենք՝ 10 կմ-ը լուրջ տարածք է․ ասեմ, որ Հայաստանում 10 կմ պրոֆեսիոնալ վազորդ չկա։ Այդ իսկ պատճառով մենք պրոֆեսիոնալների ու ոչ պրոֆեսիոնալների խնդիր չենք դրել։ Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր մարզվում են, վազում են,բայց չենք կարող նրանց թույլ չտալ մասնակցել, քանի որ ենթադրում ենք, որ եթե մարդը հանձն է առել գալ-կանգնել 10 կմ-ի մեկնարկին, ուրեմն ինքն էլ վազքից հեռու չէ․ սովորական մարդը հաստատ չի կարող 10 կմ վազել։ 5 կմ սահմանեինք, 10 հազար մասնակիցը կանցնեինք, բայց մեզ համար ավելի կարևոր է, որ մրցումն իր մեջ լրջություն պարունակի, ու մենք կարողանանք մարդկանց հնարավորություն տալ պայքարել իրենք իրենց դեմ և իրենք իրենց ապացուցեն, որ ի վիճակի են հաղթահարել այդ տարածությունը»։

«Մասնակցության հայտ ներկայացնողների քանակը վաղուց անցել է 1000-ի սահմանը»

«Հոկտեմբերի 26-ին վերջնաժամկետ էինք սահմանել, բայց սպասվածից ավելի շատ դիմումներ ստացանք։ Մասնակցության հայտ ներկայացնողների քանակը վաղուց անցել է 1000-ի սահմանը՝ բոլոր տարիքային խմբերում միասին վերցված։ Մի փոքր քիչ է ավագ տարիքի կանանց հայտերը։ Չեմ ուզում սխալվել, բայց կարծում եմ՝ կանցնենք 1500 մասնակցի ցուցանիշը։ Երկարաձգեցինք ժամկետը, որպեսզի բոլորը կարողանան գալ ու մասնակցել։ Տեղում արդեն կգրանցվեն, կստանան մարզաշապիկներն ու մրցումային համարները և կկանգնեն մեկնարկին»։

Ուղիղ հեռարձակումներ Youtube-ում և Էջմիածնի քաղաքային հրապարակում

«Ժամը 10։00-ից գրանցումները կսկսվեն։ Մասնակիցները հենց տեղում կստորագրեն, ինչը կվկայի այն մասին, որ իրենք պատասխանատվություն են կրում իրենց առողջության համար, ցույց կտան անձնագրերը, կստանան համար ու շապիկ։ Ժամը 13։00-ին կլինի մեկնարկը։ Ընդ որում, և՛ 3 կմ-ի և՛ 10 կմ-ի մեկնարկը տրվելու է միաժամանակ։ Հասկանալի է, որ 3 կմ-ն շատ ավելի շուտ կավարտեն, մրցավարները կիրականացնեն հաշման գործընթացն ու կսպասեն 10 կմ վազքի մասնակիցներին։

Ամբողջ գործընթացն ուղիղ եթերում հեռարձակվելու է Youtube-ում, իսկ Էջմիածին քաղաքի հրապարակում տեղադրվելու է մեծ էկրան։ Բոլոր ցանկացողներին հրավիրում եմ այդ էկրանի մոտ։ Ես անձամբ լինելու եմ այնտեղ։ Հետաքրքիր կլինի, տեսնենք՝ ինչ պայքար է ընթանում։ Միասին հետևելն ու ցավելն էլ պետք է մասսայական լինի, մենք պետք է սովորենք երկրպագել։ Մեր երկրպագուի կերպարը լիակատար ձևավորված չէ։ Ֆուտբոլում, իհարկե, սաղմնային վիճակից մի փոքր առաջ է շարժվել, բայց միևնույն է՝ մենք միասին երկրպագել չգիտենք։ Օրինակ, 2001 թվականին ես Լեհաստանում մեկնաբանել եմ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղը, տրիբունաները միասին խոսում էին։ Մի տրիբունան ինչ-որ բան էր ասում, մյուս տրիբունան պատասխանում էր։  Պետք է նաև երկրպագուի ինստիտուտը կայանա»։

Կրոսավազքը՝ COVID-ի պայմաններում

«Առողջապահության նախարարն առաջարկել էր թեստավորել մասնակիցներին, ինչն, իհարկե, ճիշտ է, հիմնավորված է, բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ մրցումն անցկացվելու է բաց տարածությունում, ու նաև այն, որ ֆիզիկապես անհնար է այդ ժամանակահատվածում այդքան մարդու թեստավորել, որոշեցինք նախապատվությունը տալ այն գաղափարին, որ բաց տարածությունում միջոցառում է, մարդիկ կարող են պահպանել սոցիալական հեռավորությունը։ Ու նաև մի բան․ դժվար թե վատ ինքնազգացողությամբ մարդը գար ու պատրաստվեր 10 կմ վազել։ Եթե եկել են, ուրեմն առողջ են։ Տա Աստված, որ մենք որևէ խնդիր չունենանք ու վարակի տարածում չլինի»։

Եվս 4 մրցաշար անցկացնել՝ 4 տարբեր մարզաձևերում արդեն հաջորդ տարի

«Ինչպես գիտեք, սա «վարչապետի գավաթ» անունով երկրորդ մրցաշարն է․ հեծանվային խճուղավազք արդեն անցկացրել ենք Սևանի ափին։ Մյուս տարվանից նախատեսվում է ևս 4 մրցաշար․ մոտ մայիսի 28-ին կլինի հեծանիվը, հուլիսի 5-ին՝ լող Սևանա լճում, սեպտեմբերի 21-ին կլինի վազքը, իսկ մինչև այդ էլ՝ սեղանի թենիսի մրցաշարը։ Առայժմ այս 4 մարզաձևերից են լինելու մրցաշարերը։ Նպատակը մեկն է․ պրոպագանդել առողջ ապրելակերպը, որպեսզի ավելի շատ մարդիկ ներգրավվեն, ու քանի որ լավ մրցանակային հիմնադրամ է սահմանված, հուսով ենք՝ դա էլ կնպաստի, որպեսզի սա դառնա մշակույթ ու մեզ համար շատ ընդունված բան լինի։

Ճիշտն ասած, դա նաև վարչապետի առաջարկով է եղել։ Մենք էլ վերլուծել ենք ու հասկացել, որ սրանք այն մարզաձևերն են, որոնց սովորական մարդը կարող է մասնակցել։ Օրինակ, եթե ըմբշամարտի, ծանրամարտի կամ բռնցքամարտի մրցաշար անցկացնեինք, ազնիվ չէր լինի։ Այստեղ մարզվածությունը շատ կարևոր է, իսկ այս պարագայում շատ մարդիկ սիրողական մակարդակով վազում են։ Կարելի է պրոֆեսիոնալ չմարզվել, չլինել աթլետ, բայց վազել։ Հասկանալի է՝ պրոֆեսիոնալները միշտ առավելություն ունեն, օրինակ սեղանի թենիսի պարագայում մենք արգելելու ենք պրոֆեսիոնալների մասնակցությունը։ Բայց այս պարագայում, ինչպես արդեն նշեցի, Հայաստանում 10 կմ վազող աթլետ չկա։ Լողը ևս շատ մասսայական է, ու այստեղ ևս պրոֆեսիոնալների մասնակցությունն արգելվելու է։ Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է։ Սրանք այն մարզաձևերն են, որ իսկապես շատ մասսայական են ու կարող են նպաստել, որ շատ-շատ մարդիկ գան ու մարզվեն»։

Նմանատիպ նյութեր