211652_close_icon
views-count10337 դիտում article-date 23:14 27-10-2021

Մեծ Մանթաշի մանկապարտեզում կայացավ ցուցահանդես՝ «Ոսկե աշուն» թեմայով. մասնակցում էին մանկապարտեզի սաներն ու ծնողները՝ իրենց ձեռագործ աշխատանքներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 26-ը տոնական էր Մեծ Մանթաշի մանկապարտեզի անձնակազմի, սաների, ծնողների և հյուրերի համար: Օրվա թեման էր՝ «Ոսկե աշուն»:

Ցուցահանդեսին մասնակցում էին մանկապարտեզի սաներ և ծնողները՝ իրենց ձեռագործ աշխատանքներով, հայկական խոհանոցի ավանդական ուտեստներով, աշնան բերքուբարիքով:

Մանկապարտեզի սաները գեղարվեստական ելույթներով՝ երգ ու պարով, ասմունքով գովերգեցին բերքառատ աշունը:

Մանկապարտեզի բակ մուտք գործելիս բացվում էր մի գեղեցիկ աշնանային տեսարան, կարծես թե Հայաստան աշխարհի գունագեղ աշնանից մի կտոր տեղափոխվել էր մանկապարտեզ ու ներկաներին հավաքել իր շուրջը՝ փոխանցելով երջանկություն և տոնական տրամադրություն:

Ցուցահանդեսը կազմակերպել էր Մեծ Մանթաշի մանկապարտեզի տնօրեն Վ. Չոբանյանը: Նրան աջակցել էին դաստիարակներ՝ Ս. Սևոյանը, Թ. Կյուրեղյանը, Ն. Հովսեփյանը, Ն. Սարգսյանը, Ն. Սևոյանը, երաժշտության դաստիարակ՝ Ա. Արշակյանը, ծնողկոմիտեի անդամներ՝ Ա. Եփրեմյանը, Ն. Հովսեփյանը, Շ. Թորոսյան, Ա. Մկրտչյանը, Հ. Խաչատրյանը և մանապարտեզի ողջ անձնակազմը:

Միջոցառմանը հրավիրված հյուրերի շարքում էին՝ Մեծ Մանթաշ համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանը, Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի տնօրեն Գ. Սանդոյանը, Փոքր Մանթաշի մանկապարտեզի տնօրեն Թ. Սարգսյանը, ԻՆԹՐԱ ՀԿ նախագահ Ք. Բաղդասարյանը և ուրիշներ:

Ցուցահանդեսի գլխավոր նպատակը հայ գյուղացու աշխատանքի գովերգումն էր: Մեծ Մանթաշ համայնքի բնակիչները միշտ էլ աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ, ջանասիրությամբ, հյուրասիրությամբ և բարեկեցիկ կենցաղի ձգտմամբ: Ամբողջ բերքն ու բարիքը ներկայացված էր որպես աշխատավոր գյուղացու հարստություն: Սա նաև բերքի տոն էր՝ նվիրված բերքահավաքին, բերրիությանը և ընտանիքի բարեկեցությանը:

Ցուցահանդեսի նպատակն էր նաև երեխաների մեջ աշխատանքային, գեղագիտական և հայրենասիրական դաստիարակության սերմանումը, ինչպես նաև մանկապարտեզ-ծնող, ծնող-ծնող համագործակցության ամրապնդումը:

Տեղի ունեցավ նաև աշխատանքների գնահատում: Ժյուրիի անդամները մի շարք անվանակարգերում մասնակիցներին հանձնեցին շնորհակալագրեր: Վերջում ծնողների նախաձեռնությամբ տեղի ունեցավ աճուրդ-վաճառք, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կծառայի մանկապարտեզի համար անհրաժեշտ գույք գնելուն:

Լուսանկարները՝  Հարություն Համբարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+

Նմանատիպ նյութեր