211652_close_icon
views-count58234 դիտում article-date 15:46 24-10-2021

Նոր մանրամասներ՝ Երևանում անչափահասի կողմից BMW-ով մի քանի ավտոմեքենաների ջարդից. նա 1 տարի առաջ մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  հոկտեմբերի 23-ին Երևանում առանց համարանիշների BMW մակնիշի ավտոմեքենայով  ջարդի հեղինակ,  17-ամյա Արտյոմ Հակոբյանը 2020 թվականին Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկետեմբերի 20-ին Պռոշյան փողոցում նա, ով այդ ժամանակ 16 տարեկան է եղել, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Հետիոտնը  տեղափոխվել էր  հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով՝ մահացել էր:

 Այս պահին Ա. Հակոբյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մահվան ելքով վրաերթի փատով դատական գործընթաց է ընթանում:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 23-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկային։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լրիվ կինո էր, մենակ էն տեսանք, որ առանց համարանիշների «սեմյորկա BMW»-ն Պուշիկինի փողոցով նենց էր սլանում, ասես Մակարովի գյուլլա լիներ։ Առանց կանգառի տվեց, մի քանի ավտոմեքենաներ վնասեց, հետո անցավ խաչմերուկը, մեկ էլ էն տեսանք, որ էս թազա պարեկները կալմեջ արեցին դրան, փռին ասֆալտին ու տարան։ Էս դեպքում ո՞նց չասես՝ հալալ էր տղերքին, եթե դրա դեմը չառնեին, վստահ ենք՝ էտի մարդկանց վրով էլ էր անցնելու»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել էր, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճան։ 

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր էին նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում էր տուժած ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ 

Վթարի վայր էին օպերատւվորեն ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Հետապնդման արդյունքում էլ վնասվել էր նաև պարեկային ծառայության ավտոմեքենան։ 

Պարեկների գործողությունները ղեկավարել էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն  Գասպարյանը։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր