211652_close_icon
views-count1151 դիտում article-date 10:43 21-10-2021

Այլևս կո՞ղմ եք օտարալեզու դպրոցներին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արցախի մեծ մասի կորստի, սահմաններին սպառնացող վտանգի, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնի վրա ռուսական դպրոցների հարցը, թվում է, թե երկրորդական է: Բայց այդպես միայն թվում է: Իհարկե, դա կարող է դիտվել որպես դիվանագիտական ուղերձ՝ ուղղված Ռուսաստանին՝ մի երկրի, որից մենք ամբողջությամբ կախման մեջ ենք՝ Արցախում պարտվելուց հետո: Բայց այստեղ պետք է հստակ հաշվարկել, թե ինչ ենք մենք շահելու՝ նման ծրագրեր իրականացնելիս ու ինչ ենք կորցնելու: Ի վերջո, կասկածում եմ, որ Ռուսաստանն այս հարցով շատ ուժեղ ճնշում է գործադրում մեր երկրի վրա, ավելի հավանական է, որ դա պարզապես «բոնուս» է, որը նվեր է տրվում «մետրոպոլիային»:

Հիշենք 88 թվականի Ղարաբաղյան շարժման կարգախոսներից մեկը՝ «հայ երեխաներին՝ հայկական դպրոց»: Դա նշանակում էր շատ պարզ բան՝ եթե երեխան ազգությամբ հայ է, նա պիտի մտածի, խոսի, գրի այն լեզվով, որն օգնել է մեզ երկար ու ձիգ դարերի ընթացքում հայ մնալ, եւ ապագա քաղաքացուն պետք է պատրաստել մայրենի լեզվով պաշտոնական ու մասնագիտական շփումների: Հայերեն շփումների պետք է պատրաստ լինեն նաեւ մեր այլազգի քաղաքացիները, որոնք, սակայն, պետք է իրավունք ունենան խորությամբ սովորելու իրենց լեզուները:

Այս կարգախոսը միաձուլվում էր Արցախը պաշտպանելու, անկախ ժողովրդավարական պետություն կառուցելու մասին կարգախոսների հետ: Քանի որ թե՛ առաջինը, թե՛ երկրորդը մեզ առանձնապես չի հաջողվում, լեզվի հարցն էլ, հավանաբար, ցանկանում են ահա այս ձեւով լուծել:

Լեզվի հանդեպ ոտնձգությունների նախորդ ալիքը 2015 թվականին էր: Այն ժամանակ հասարակական լայն շարժում կար՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»: Ինչպես եւ շատ այլ դեպքերում, այն ժամանակվա ակտիվիստներն այժմ դարձել «պասիվիստներ» եւ, զբաղեցնելով հարմարավետ աթոռներ, կա՛մ ձայն չեն հանում, կա՛մ էլ արդարացնում են այն, ինչի դեմ պայքարում էին՝ «դե, հիմա լրիվ ուրիշ Հայաստան է» ոչ այնքան համոզիչ փաստարկով:

Ես շատ եմ ցավում, որ այսօրվա երիտասարդները ռուսերեն եւ անգլերեն վատ գիտեն՝ առանց օտար լեզուների այսօր հնարավոր չէ որեւէ բնագավառում քիչ թե շատ նորմալ մասնագետ դառնալ: Բայց դա ռուսական դպրոցներ բացելու հետ կապ չունի, դա վերջին 30 տարում միջնակարգ կրթության վատ որակի հետեւանք է: Եվ այդ վատ որակն արտահայտվում է նաեւ հայոց լեզուն եւ հայ գրականությունը վատ, հնացած կարծրատիպերի հիման վրա դասավանդելու մեջ:

Այս վիճակն, իր հերթին, պայմանավորված է Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների՝ կրթության հանդեպ վերաբերմունքով: Ուզո՞ւմ եք պատկերացում կազմել երկրի մասին: Համեմատեք ուսուցչի եւ ոստիկանի աշխատավարձերը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր