211652_close_icon
views-count26823 դիտում article-date 10:41 19-10-2021

Վանո Սիրադեղյանի հիշատակին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քանի որ վերջին օրերին հրապարակվում են բազմաթիվ հիշողություններ Վանո Սիրադեղյանի մասին, արվում են բազմաթիվ մեջբերումներ, ես էլ հիշեմ Վազգեն Սարգսյանի գնահատականը, որը լսել եմ անձամբ. «Կարծում եք, Վանոն կարողանում է ճիշտ գնահատել մարդկանց ու երեւույթները միայն իր ինտուիցիայի միջոցո՞վ: Սխալվում եք: Նա ուղղակի շատ է մտածում, երկար է մտածում խնդիրների մասին եւ հետո ընդունում է ճիշտ որոշում»:

Ինձ թվում է, պետական գործչի համար կարեւորագույն հատկանիշներից մեկն է: Չեմ ուզում իդեալականացնել այդ գործչին, որին, բնականաբար, երախտապարտ եմ «Առավոտ» թերթը հիմնելու համար: Նրա գործունեության դրական եւ բացասական կողմերի մասին թող հետագայում խոսեն պատմաբանները:

Բայց այս համատեքստում կա մի հարց, որն այսօր արդիական է: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կայացած, ինքնուրույն մարդիկ էին, որոնցից ամեն մեկը, անկախ առաջին նախագահի անձից, իրենից առանձին արժեք էր ներկայացնում: Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Բաբկեն Արարքցյան, Հրանտ Բագրատյան, Դավիթ Շահնազարյան, Էդուարդ Եգորյան, Աշոտ Մանուչարյան եւ էլի շատ-շատերը՝ նրանք ամենեւին փերիներ չեն, բայց ես չեմ կարող պատկերացնել, որ նրանցից որեւէ մեկը չասեր առաջին դեմքին այն, ինչ մտածում էր կամ հակառակը՝ ասեր այն, ինչ չէր մտածում՝ «շեֆին» դուր գալու համար: Դա, իհարկե, բերում էր հակասությունների, կոնֆլիկտների, պառակտումների: Բայց եկեք մտածենք՝ արդյո՞ք պետության համար առավել գերադասելի է, երբ երկրի ղեկավարի կողքին մարդիկ են, որոնք ինքնուրույն արժեք չեն ներկայացնում, այլ պարզապես հանդես են գալիս որպես ֆոն՝ այդ ղեկավարի ամբիցիաների համար: Ես, համենայնդեպս, ղեկավար պաշտոններում գերադասում եմ տեսնել վառ անհատականությունների, մտածող, նախաձեռնող մարդկանց, ոչ թե գորշ պալատականների:

Սիրադեղյանը կայացել էր որպես գրող մինչեւ 1988 թվականը եւ վերը թվարկած բազմաթիվ մարդկանց ու էլի շատերի պես պայքարի մեջ էր մտել միանգամայն մաքուր, ազնիվ նկատառումներով: Թե ինչ էր տեղի ունեցել 1990 թվականից հետո, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, առանձին եւ շատ երկար խոսակցություն է, եւ քանի որ գործող անձանցից շատերը դեռեւս մեր կողքին են (Աստված բոլորին երկար կյանք տա), եւ շատերն անգամ ներգրավված են արդի քաղաքականության մեջ, այդ խոսակցությունը, կարծում եմ, դեռեւս վաղաժամ է: 

․․․Միակ բանը, որ ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչու 2018 թվականի հեղափոխությունից հետո այս իշխանությունը, որն ամեն ինչով, կարծես թե հակադրվում է «նախկիններին», Վանոյի հարցում շարունակեց Քոչարյանի եւ Սարգսյանի քաղաքական գիծը (կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ, անկախ իրավական մանրամասներից, խնդիրը քաղաքական էր): Այլապես՝ մարդը գոնե իր վերջին տարիները կանցկացներ հայրենի եզերքում․․․»

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր