211652_close_icon
views-count38422 դիտում article-date 14:00 18-10-2021

Քեզ բացակա չենք դնի. Սիլիկյան թաղամասում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Գարիկ Ավետիսյանի անվան հուշաղբյուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, մեծարման երեկո էր Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում։ Նշված թաղամասի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8Ա տան դիմաց բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս, 19-ամյա Գարիկ Ավետիսյանի անվան հուշաղբյուր։ 

Մինչ հուշաղբյուրը կօծվեր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովվի կողմից, պատին նկարված 19-ամյա հերոսի նկարի սպիտակ սավանը իջեցրեցին նրա քույրերը։ Կենդանի կատարմամբ հանդես եկան երեխաները։ 

Հուշաղբյուրի բացման արարողությանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, հարևանները, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած հերոսների մայրերը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, որից հետո ներկաներն այցելեցին հերոսի շիրիմին, որտեղ կատարեցին խնկարկում ու ծաղիկներ խոնարհեցին։ 

Գարիկ Արմենակի Ավետիսյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 2-ին, Երևանում։ Սովորել է թիվ 108 դպրոցում։ Ավարտելով 9-ամյա կրթությունը՝ ուսումը շարունակել է Ֆրանս-հայկական քոլեջում՝ ընտրելով խոհարարի մասնագիտությունը։ Դեռ պատանի տարիքում նա իր խոհարարական հմտություններով զարմացնում էր քոլեջի աշխատակիցներին։ 

2019 թվականի հուլիսի 1-ին զորակոչվում է բանակ՝ ծառայելով Արցախի Հանրապետությունում։ Երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվում են Արցախ աշխարհի վրա, Գարիկը ծառայում էր Արցախի զորամասերից մեկում ու անմիջապես մարտական առաջադրանքները կատարելու նպատակով իր հրամանատարների ու զինակից ընկերների հետ տեղափոխվում են Մատաղիս։ 

Գաղտնի առաջադրանք կատարելիս, լինելով իր հրամանատարների կողքին, հոկտեմբերի 17-ին Գարիկը զոհվում է։ 


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 276+
276+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր