211652_close_icon
views-count1157 դիտում article-date 11:33 14-10-2021

Պետք է ամեն կերպ խոչընդոտել Կարսի հակահայ պայմանագրի՝ հայկական ստորագրությամբ վերակնքումը, ինչ անունով էլ, որ այն փորձի մատուցվել. Պահպանողական կուսակցություն

Սիրելի քույրեր և եղբայրներ,
 
Ապրիլի 24-ի հանգույն մեր ազգային սև օրերից է ռուս- թուրքական մոսկովյան դավադիր պայմանագրի վերակնքման՝ Կարսի պայմանագրի այս օրը, որով Հայաստանից անջատեցին Կարսի մարզը, Սուրմալուի գավառը և ամբողջ Նախիջևանը: Միջազգային օրենքներով ապօրինի, իսկ ազգային տեսանկյունից՝ հակահայ այդ պայմանագրի տակ ռուսների և թուրքերի ստիպմամբ դրված է նաև Խորհրդային Հայաստանի մյասնիկյանական կառավարության ստորագրությունը: Մեր ապաշնորհության պատճառով Պատմությունը մոտենում է իր կրկնությանը: Պետք է ամեն կերպ խոչընդոտել Կարսի հակահայ պայմանագրի՝ հայկական ստորագրությամբ վերակնքումը, ինչ անունով էլ, որ այն փորձի մատուցվել:
 
Նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Հայաստանը դեռևս ի վիճակի չէ լայնածավալ պաշտպանության ռուս-թուրքական հերթական հոշոտման դեմ, բայց դիմադրության ճակատներ կան, որոնցից հրաժարումը հավասար է ազգային ինքնասպանության:
 
Դրածո իշխանություններն ու ընդդիմությունը չեն փորձելու ցուցաբերել գոնե ասիմետրիկ պաշտպանություն ռուսական և թուրքական ճակատագրական ոտնձգություններից: Հակառակը՝ նրանք չեն հանդգնում ընդունել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի և Հնդկաստանի դաշնակցությունը:
 
Միայն լուսանցք քշված քաղաքացիներիցս է կախված վիրավոր մարմնով Հայրենիքի Հոգին ամրացնելը: Իսկ այդ Հոգին տրոփում է մեր Մայրենի լեզվի մեջ: Առայժմ այլ կերպ չկարողանալով հակադրվել ռուս-թուրքական չարաղետ պրոյեկտին՝ կոչ ենք անում և թախանձագին խնդրում ենք Կարսի հակահայ պայմանագրի օրվանից մինչև հայ-թուրքական և հայ-ռուսական պատերազմների հետևանքով կնքված 1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի օրը.
 
Դիմումներով ողողել Հայաստանի անձնագրային և ՔԿԱԳ (զագս) բաժինները՝ մեր ռուսերեն և թուրքերեն ազգանունները հայացնելու պահանջով:
 
Սոցիալական ցանցերում (մասնավորապես Ֆեյսբուքում) ռուսատառ մեր անուն-ազգանունները դարձնել հայատառ, ինչպես նաև լատինատառ մեր անուն-ազգանունները նախապես հավելելով հայատառով:
 
Դատապարտված են այն ազգերը, որոնց էլիտաները զուրկ են ազգային արժանապատվությունից և իրենց ժողովուրդներին առաջնորդում են դեպի վերացում: Հույսը միայն գիտակից քաղաքացին է:
 
Մինչև դեկտերմբերի 2-ը հայացնենք Հայաստանը – ոչ մի թուրքերեն կամ ռուսերեն անուն-ազգանվամբ քաղաքացի մեր երկրում: Այդժամ մենք պատրաստ կլինենք դիմագրավելու տարածաշրջանային գալիք արհավիրքին:
 
Միքայէլ Հայրապետեան
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
 

Նմանատիպ նյութեր