211652_close_icon
views-count1295 դիտում article-date 23:42 11-10-2021

«Արմենիա» փառատոնի շրջանակում արված է ամեն ինչ՝ լավագույնս ներկայանալու համար». Դանիել Լոզակովիչ

« Արմենիա » միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ջութակահար Դանիել Լոզակովիչի և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի կողմից հայ հանդիսատեսին ներկայացվեցին Պյոտր Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, Կամիլ Սեն-Սանսի Ջութակի թիվ 3 կոնցերտը և «Մահվան պարը»։

Կատարումներն ընդունվեցին մեծ ոգևորությամբ ու բուռն ծափողջույններով։ Հայ հանդիսատեսը ծանոթ է երիտասարդ սերնդի տաղանդաշատ ջութակահար Դանիել Լոզակովիչի կատարողական վարպետության հետ։ Նա երկրորդ անգամ է Հայաստանում։

Երիտասարդ ջութակահարը ելույթներ է ունենում այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Բոստոնի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ազգային, Ֆրանսիական ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Գյուլբենկյանի անվան նվագախումբը, Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախումբը և այլն: Իր 15-ամյակը լրանալուց հետո նա բացառիկ պայմանագիր է կնքել «Deutsche Grammophon»-ի հետ 2016 թվականին՝ դառնալով «Deutsche Grammophon»-ի արվեստագետների համայնքի ամենաերիտասարդ անդամը: Դանիել Լոզակովիչը նշում է, որ սիրում է հայկական մշակույթը, Հայաստանն ու հայերին։ Նա բարձր է գնահատում «Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպվածությունը։

Ընդգծում է, որ նման մասշտաբի, համերգների նման խտություն ունեցող երաժշտական միջոցառում կազմակերպելը բավականին բարդ է։ «Այն, ինչ անհրաժեշտ է երաժիշտներին լավագույնս ներկայանալու համար, արված է փառատոնի շրջանակում»,- խոստովանում է ջութակահարը։

Մեծ ընդունելության արժանացավ նաև իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, ում արվեստին հայաստանում քաջ ծանոթ են, և ամեն անգամ մեծ սիրով է ընդունվում նրա բեմելը։ Մաեստրո Մարչիանոն նշում է, որ միշտ հաճելի է բեմ բարձրանալ Հայաստանում, հանդիպել հայ ունկնդրի հետ։ Ըստ նրա՝ Երևանում հանդիսատեսը ջերմ է, որից միշտ դրական ազդակներ ու էներգիա է ստանում։

Դիրիժոր Մարչիանոն նույնպես շեշտում է կազմակերպիչների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) մեծ ջանքերը «Արմենիա» միջազգային փառատոնը կյանքի կոչելու գործում։ Ըստ նրա՝ վերջիններս հսկայական աշխատանք են կատարել՝ երաժշտական այս միջոցառման շնորհիվ ներկայացնելով բարձրակարգ երաժշտություն, բազմազան համերգային ծրագրեր և աշխարհում մեծ հեղինակություն վայելող երաժիշտների։

Նշենք, որ «Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Մինչև հոկտեմբերի 29-ը փառատոնը երաժշտասերներին հրավիրում է ունկնդրելու սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ մեծանուն երաժիշտների մասնակցությամբ։

Նմանատիպ նյութեր