211652_close_icon
views-count1770 դիտում article-date 22:17 10-10-2021

Իրաքում ընթանում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ

Իրաքում այսօր, հոկտեմբերի 10 -ին, տեղի են ունենում խորհրդարանական  արտահերթ ընտրություններ: Երկրի խորհրդարանի պատգամավորների 329 մանդատի համար պայքարում է 3240 թեկնածու: Տեղերի քառորդ մասը վերապահված է կանանց: Հաղորդում է Deutsche Welle-ն։

Երկրում քվեարկելու իրավունք ունի մոտ 25 միլիոն մարդ: Սակայն, դիտորդների կարծիքով, իշխանությունների նկատմամբ անվստահության բարձր աստիճանի եւ խորը ճգնաժամի պատճառով ընտրություններին մասնակցությունը ցածր կլինի:

Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2022 թվականին: Դրանց վաղ անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2019 թվականի աշնանից երկրում տեղի են ունենում հակակառավարական զանգվածային բողոքի ցույցեր։ Դրանք հանգեցրեցին նախարարների կաբինետի հրաժարականին, որը ձևավորվել էր 2018 թվականի մայիսին նախորդ ընտրությունների արդյունքներից հետո:

Բողոքի շարժման առաջնորդները կոչ են արել բոյկոտել ընտրությունները, քանի որ կարծում են, որ առկա քաղաքական համակարգը չի կարողանա փոփոխություններ ապահովել, անկախ քվեարկության արդյունքներից:

Իրաքի ընտրությունների ֆավորիտները շիական երկու կոալիցիաներն են։
Ընտրությունների ֆավորիտը շիա կոալիցիան է՝ Իմամ Մուքթադա աս-Սադրի գլխավորությամբ, որն ավանդաբար պահանջում է սոցիալական արդարություն, դպրոցների և հիվանդանոցների կառուցում, ինչպես նաև օտարերկրացիների չմիջամտություն Իրաքի ներքին գործերին:

«Ալ-Ֆաթահ» դաշինքը, որը գլխավորում է տրանսպորտի նախկին նախարար Հադի ալ-Ամիրին, նույնպես հաղթելու մեծ հնարավորություններ ունի և սերտ կապեր է պահպանում Իրանի հետ և սերտորեն կապված է շիա զինված կազմավորումների հետ: Քվեարկության նախնական արդյունքները սպասվում են ընտրատեղամասերի փակումից 24 ժամ անց:

Իրաքում ընտրություններն անցնում են անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում: Ընտրություններին սադրանքներ և ահաբեկչություններ թույլ չտալու համար ներգրավված է իրավապահ մարմինների առնվազն 250 հազար աշխատակից: Երկրում փակ են բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները:

Նմանատիպ նյութեր