211652_close_icon
views-count3198 դիտում article-date 19:30 02-10-2021

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում բացվել է Հայաստանի տաղավարը

ԱՄԷ Դուբայ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է համաշխարհային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսը:

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հայտնելով որ աշխարհի ավելի քան 190 երկրների ներկայացուցիչների հետ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։

Հոկտեմբերի 1-ին Էքսպո քաղաքն իր դռներն է բացել նաև միլիոնավոր այցելուների առջև։

«ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որն առաջինն այցելել է Հայաստանի պատվիրակությունը՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը ներկա էր ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը։ Վահան Քերոբյանի ուղեկցությամբ նա շրջայց է կատարել հայկական տաղավարով։

Հայկական տաղավարում նախարար Քերոբյանը հյուրընկալել է նաև ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդիին։ Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանն իր արաբ գործընկերոջը ծանոթացրել է հայկական տաղավարին, պատմել «էթնոթեք» կոնցեպտի մասին, որով Հայաստանը ներկայանում է այս էքսպոյում, ներկայացրել տեխնոլոգիական ու թվային լուծումները և դրանց կիրառությունը (AR և VR գոտիներ), զբոսաշրջության հատվածը, ինչպես նաև ցուցադրված մշակութային ցուցանմուշները, որոնք Դուբայ են տեղափոխվել Հայաստանից։  

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում ավելի առարկայական քննարկելու անելիքները։

Նախարար Քերոբյանը խոսել է նաև Էքսպոյի թեմատիկ շաբաթներին և «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության մասին՝ ընդգծելով, որ երկուստեք լավ հնարավորություններ են ստեղծված հայկական բիզնեսն արտահանելու և արաբական գործարար համայնքի  ներդրումները Հայաստան բերելու առումով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը, «էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը,  Էկոնոմիկայի նախարարության այլ ներկայացուցիչներ։

Համաշխարհային էքսպոն անցկացվում է հինգ տարին մեկ։ Աշխարհի խոշոր քաղաքներից մեկը վեց ամիս շարունակ հյուրընկալում է բազմաթիվ երկրների։ Առաջին անգամ համաշխարհային ցուցահանդեսն անցկացվել է 1851 թվականին՝ Լոնդոնում, այս տարի, համաշխարհային էքսպոյի պատմության ընթացքում առաջին անգամ, այն կազմակերպվում է արաբական երկրում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր