211652_close_icon
views-count1959 դիտում article-date 17:20 30-09-2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ և լիազոր դեսպանին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Խեներո Դել Կամպո Ռոդրիգեսին:

Ողջունելով դեսպանին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություն իրականացվելիք ծրագրերում: Լատինամերիկյան երկրների հետ սերտ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունները Պերուի խորհրդարանի հետ` ընդգծելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորման անհրաժեշտությունը:

Պերուի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ընդունելության համար, ընդգծել է, որ իր առաքելության իրականացման ընթացքում երկկողմ կապերի զարգացումը ծրագրային առաջնահերթություն է դիտարկվելու: Նա նշել է, որ Հայաստան-Պերու բազմակողմ գործընկերային կապերն ամրապնդելու հարցում մեծ է խորհրդարանների դերը:

Քննարկվել են նաեւ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին երկու երկրների անդամակցությանը վերաբերող հարցեր` երկուստեք կարեւորելով օրենսդիր մարմինների մակարդակով մշակութային ժառանգությանն առնչվող համատեղ օրակարգերի ձեւավորումը: Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Պերուի հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ ծրագրերի անհրաժեշտության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր