211652_close_icon
views-count1309 դիտում article-date 19:02 25-09-2021

Արարատ Միրզոյանը Վիկտորյա Նուլանդի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների բարձր դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել զարգացնելու և ամրապնդելու տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Առանձնահատուկ ընդգծվել են երկու կառավարությունների միջև համագործակցության առաջնահերթությունները` ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման վերաբերյալ, և հավելել, որ հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ տարածաշրջանում դեէսկալացիայի ուղղությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը մեկ անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ՝ նշելով, որ այն կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման պայքարի գործում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր