211652_close_icon
views-count2177 դիտում article-date 14:32 25-09-2021

«Ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն». Արմեն Չարչյանի փաստաբանը՝ դատարանին. News.am

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավարո Վահե Միսակյանի, պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը ներկայացնելիս նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնց շրջանակներում առկա են բոլոր նախադրյալները Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոց՝ գրավով փոխարինելու համար։

News.am―ի փոխանցմամբ՝ Ալեքսանյանը հղում արեց Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 4-րդ մասին, որը սահմանում է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումից հետո պաշտպանության կողմը նոր ի հայտ եկած հանգամանքի շրջանակում կարող է նոր միջնորդություն ներկայացնել՝ մեղմ խափանման միջոցով փոխարինելու համար։

Էրիկ Ալեքսանյանը դատարանին ներկայացրեց այն առողջական խնդիրները, որոնք ի հայտ են եկել այս ընթացքում։ Նա նշեց, որ Չարչյանն ունեցել է սրտի անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ։

«Արմեն Չարչյանի ինսուլինի օրվա դոզան կազմում է 106 միավոր։ Չարչյանի նկատմամբ պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելը կալանավորման պայմաններում հնարավոր չէ»,- նշեց փաստաբանը եւ հավելեց, որ դա պայմանավորված է նաեւ Չարչյանի առողջական խնդիրների բարդության աստիճանով։

Ալեքսանյանը չբացառեց Չարչյանի մոտ սրտամկանի սուր ինֆարկտի կրկնվելու հավանականությունը։

«Խնդրում ենք, որ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվի գրավով հենց ստեղծված իրավիճակի պայմաններում։ Արմեն Չարչյանն ունի պատգամավորի կարգավիճակ, նա անձեռնմխելի է, որի անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, սակայն նա շարունակում է գտնվել անազատության մեջ։ Նման պայմաններում Չարչանը չի կարող գտնվել անազատության մեջ»,- նշեց նա։

Փաստաբանի դիտարկմամբ՝ Չարչյանը շարունակում է մնալ կալանքի տակ, քանի որ նա նախկինում հանդիսացել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, ունի հեղինակություն եւ հնարավոր է, որ կարողանա այդ հեղինակությամբ գործով վկաների վրա ազդել։

Ալեքսանյանն ընդգծեց, որ Չարչյանը մեկ ամիս գտնվել է ազատության մեջ եւ քրեական գործին խոչընդոտելուն ուղղված գործողություն չի կատարել։

Փաստաբանը պնդեց, որ գործով վկաներն էլ են Չարչյանին աջակցում. «Եթե նրանց վրա մեկն ուզենա ազդեցություն գործադրել չի՞ գործադրի նաեւ այն պայմաններում, երբ Չարչյանն անազատության մեջ է գտնվում, բայց դրա կարիքը չկա։ Այդ մարդիկ մեղադրական բնույթի ցուցմունք չեն տալիս»։

Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իսկապես Չարչյանի առողջական վիճակը վատ է. «Ես կցանկանայի, որ դատախազը մինչեւ սույն դատական նիստին ներկայանալը, դիրքորոշում հայտնելը, այցելեր պարոն Չարչյանին եւ տեսներ նրա առողջական վիճակը։ Նա համապատասխան սարքերով է շնչում»։

Փաստաբանը վկայակոչեց նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը, կալանքի տակ գտնվելն ու դրա հետեւանքը.

«Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ պետությունն ամեն ինչ արեց, անհամատեղելիությունը հաստատվեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց հիվանդության պատճառով՝ անհամատեղելիության հարցի շրջանակներում։ Չենք կարող հերքել այն փաստը, որ դրանից կարճ ժամանակ անց Մանվել Գրիգորյանը կյանքից հեռացավ։ Չեմ վախենա ասել, որ Մանվել Գրիգորյանը հեռացավ կյանքից ուշացված արդարադատության պատճառով։

Եկեք, ինչքան կարող ենք, երկարաձգենք այս հարցը, ձեւական ընթացակարգի հետեւի ընկնենք, սպասենք փորձաքննության նշանակմանը, հանձնաժողովի ձեւավորմանը եւ եզրակացության ստանալուն, սակայն դա ինչպե՞ս կանդրադառնա Չարչյանի առողջական վիճակի վրա, գցենք երկրորդ պլան. չէ՞ որ անձի առողջությունը բարձրագույն արժեք չէ, Հայաստանում նման տպավորություն է։ Հարգելի դատարան, ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն»։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Մեկ օր անց Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:

Նմանատիպ նյութեր