211652_close_icon
views-count152216 դիտում article-date 09:30 24-09-2021

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը Ազգային ժողովի նախկին պատգամավորի որդի է, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ ու փամփուշտի գնդակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` սեպտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ; 

Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության կենտրոնական բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Կենտրոնի ոստիկանության ծառայողները պարզել են՝ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Արման Խաչատրյանը և 24-ամյա Սերգեյ Մելիքյանը։

Ըստ բժիշկների հայտնածի՝ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն էլ՝ միջին ծանր, և գտնվում են վիրահատարանում։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ս. Մելիքյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի որդին է։ 

Փաստի առթիվ քննչական 3-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Աբովյան 3/1 հասցեում գործող «ԷՎՆ» սրճարանում առաջացող վիճաբանության ժամանակ, որը այնուհետև շարունակվել է սրճարանից դուրս՝ Աբովյան 5 և 7 հասցեների միջև ընկած միջանցիկ ճանապարհին, որտեղ էլ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի հրազենից մի քանի անգամ կրակոցներ է արձակել Ս. Մելիքյանի և Ա. Խաչատրյանի ուղղությամբ։ 

Դեպքի վայրի զննությամբ քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և 2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորույան աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ. Մանուկյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր