211652_close_icon
views-count34025 դիտում article-date 11:07 17-09-2021

Խոշոր ավտովթար՝ Քանաքեռում. բախվել են Opel Astra-ն ու Volkswagen Passat-ը. վերջինս էլ բախվել է ծառին, կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։05-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հասրաթյան փողոցում, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Opel Astra և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականները։

Վթարի հետևանքով «Իզմիրլյան» ԲԿ են տեղափոխվել 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ալիկ Բադասարյանն ու Անդրանիկ Քոթանջյանը։ 

Վերջիններս սահմանազատել են տարածքը և տեղում ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը հաջողվել է պարեկներին։

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր