211652_close_icon
views-count2306 դիտում article-date 10:52 17-09-2021

Ինչ հետևանքներ կարող է ունենալ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ազգային ժողով-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողները (մաքսավորները, սահմանապահները՝ կարեւոր չէ, թե ինչպես ենք նրանց կոչում) իրավունք ունեն կանգնեցնել Իրանից եկող մեքենաները, նրանցից «մաքսատուրք» վերցնել, ստուգել բեռները, ձերբակալել վարորդներին: Նման գործողությունների հիմքը, ըստ վարչապետի, այն է, որ ճանապարհի այդ հատվածները պատկանում էին Խորհրդային Ադրբեջանին:

Խորհրդային վերջին շրջանի քարտեզների համաձայն՝ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ իսկապես մտնում էին Ադրբեջանական ԽՍՀ, հետո շարունակվում էին Հայկական ԽՍՀ տարածքով: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք՝ ապա ժամանակակից Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մի քանի մաքսակետ կառուցեն այդ մայրուղու վրա, ինչը, բնականաբար, անհեթեթ է:

Դարձյալ փորձենք զերծ մնալ հուզական բնորոշումներից եւ խորանալ այն հարցի մեջ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեր իշխանությունների այդ մոտեցումը: Նախ դիտարկենք Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները: Եթե Ադրբեջանի նման գործողությունները սկսեն կրել պարբերական բնույթ, ապա իրանական ընկերությունները կվարանեն բեռներ ուղարկել եւ ստանալ այդ ճանապարհով: Իսկ մնացած, շրջանցիկ ճանապարհներն այս պահին ծանր բեռնատարների համար դժվար անցանելի են (եթե չասենք՝ անցանելի չեն): Իհարկե, այլընտրանքային ճանապարհ պետք է կառուցվի: Սակայն մասնագետներն ասում են, որ դրա համար անհրաժեշտ են միլիոնավոր դոլարներ եւ առնվազն երեք տարի՝ եթե շինարարությունը սկսվի այսօր: Ինչպե՞ս են Իրանի հետ բեռնափոխադրումներ իրականացվելու այդ երեք (եւ ավելի) տարիների  ընթացքում: Իմ կարծիքով՝ սահմանագծման եւ սահմանազատման օրակարգից դուրս պետք է բանակցություններ սկսել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ՝ ապահովելու համար այդ մայրուղով հայկական եւ իրանական փոխադրամիջոցների անարգել երթեւեկությունը: Սահմանագծում եւ սահմանազատում նույնպես պետք է հետագայում անցկացվի, բայց դա երկարատեւ, տարիներ խլող գործընթաց է, եւ կողմերը, կարծես թե, հեռու են այդ աշխատանքը անգամ սկսելուց: 

Բայց ավելի երկար հեռանկարի տեսանկյունից առայժմ գործող ճանապարհը շարունակում է վտանգ ներկայացնել, եւ գործելու են այլ հաղորդակցություններ: Դա էլ, իր հերթին, վախենամ, կունենա բացասական տնտեսական հետեւանքներ: Եթե մեր բնակավայրերը կտրված լինեն հիմնական մայրուղուց, դա, վստահաբար կարելի է ասել, բացասական հետեւանքներ կունենա տնտեսական աշխուժության առումով: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ էկոնոմիկայի նախարարությունը (գուցե՝ եվրոպական գործընկերների հետ) պետք է հատուկ ծրագրեր մշակի այդ բնակավայրերի համար:

Իրավիճակը, մի խոսքով, բարդ է: Տեսնես դա գիտակցո՞ւմ են մեր իշխանությունները, որոնց պատճառով այդ իրավիճակը ստեղծվել է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր