211652_close_icon
views-count86210 դիտում article-date 11:38 16-09-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա տղամարդը. հայտնաբերվել է Lexus-ն ու գրիչ-հրազենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են  մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանը, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Ավոյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Ալեքսանյանը։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Խաչատրյանն է, ով, ըստ բժիշկների, ի վիճակի չէ կատարվածի մասին այդ պահին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է բժիշկներին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական, այնուհետև բացատրական աշխատանքներ, պարզել են դեպքի հանգամանքները, և նույն օրը, ժամը 17։40-ին ինքնակամ ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մանվել Մելիքյանը, ով հայտնել է, որ 15։00-ի սահմաններում Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում իր կողմից շահագործվող Lexus մակնիշի 050 ՍՕ 05 համարանիշի ավտոմեքենայի սրահում Գ. Խաչատրյանը, ով իր ընկերն է, իր մոտ եղած գրիչ-հրազենով անզգուշաբար կրակել և մարմնական վնասվածք է պատճառել ինքն իրեն։ 

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քննիչի որոշմամբ Մ. Մելիքյանը, որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Ոստիկանները հայտնաբերել են Lexus մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև գրիչ-հրազենը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր