211652_close_icon
views-count1140 դիտում article-date 14:44 14-09-2021

ՀՀ-ն ու Սլովակիան համատեղ ծրագրեր կիրականացնեն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանն ու Սլովակիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում: Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության առկա ներուժն իրագործելու ուղիները:

«Մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են բոլոր ուղղություններով, և մենք այսօր վերահաստատեցինք այն, որ պետք է գործադրենք ջանքեր այդ հարաբերություններն ավելի սերտացնելու համար: Սա վերաբերում է առաջին հերթին քաղաքական երկխոսությանը: Մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, և այդ երկխոսությունը վերաբերում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին: Խոսեցինք նաև տնտեսական հարաբերությունների, հատկապես, դեռ չիրացված առկա ներուժի մասին: Միասնական ջանքեր պետք է գործադրենք էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգետիկայի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մշակույթի և գիտության ոլորտներում: Ասեմ, որ մոտավոր նախանշել ենք միջոցառումներ, որոնք առաջիկայում կիրականացնենք համատեղ ջանքերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն հայտնեց Սլովակիային ու Սլովակիայի ժողովրդին ինչպես համաճարակի ընթացքում Հայաստանին ցուցաբերված աջակցության, այնպես էլ արցախյան վերջին պատերազմի օրերին ու դրանից հետո Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար: Դա վերաբերում է ինչպես Սլովակիայի գործադիր իշխանությանը, այնպես էլ Սլովակիայի խորհրդարանի ընդունած բանաձևերին:

Նմանատիպ նյութեր