211652_close_icon
views-count2986 դիտում article-date 12:26 13-09-2021

Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ դիմերեսը՝ ՀՀ զինանշանը հավերժության նշանի ֆոնին է: Դարձերեսը՝ ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրություն է: Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը, Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Տեխնիկական չափանիշներն են՝ անվանական արժեքը 5000 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 168,1 գ., թողարկման քանակը՝ 300 հատ:
 

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

1991 թ. սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության մեջ սկսվել է Երրորդ հանրապետության շրջանը: Սահմանվել են պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը: Հիմնվել են պետական պարգևներ` կոչումներ, շքանշաններ և մեդալներ: 1993 թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը: Անկախ ժողովրդավարական պետության կազմավորումը նպաստել է ազգային ինքնագիտակցության և ավանդույթների պահպանմանն ու ամրապնդմանը, նաև բարձրացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը հասարակական կյանքում։ Անկախության ժամանակաշրջանի կարևորագույն նվաճումներից է ազգային բանակի՝ որպես հայոց պետականության պաշտպանի կայացումը:

Այսօր Հայաստանը Միացյալ ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության, Եվրոխորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և 40-ից ավելի այլ միջազգային կազմակերպությունների անդամ է:

Նմանատիպ նյութեր