211652_close_icon
views-count48938 դիտում article-date 10:03 13-09-2021

Քեզ բացակա չենք դնի. Ծաղկալանջ գյուղում հարգանքի տուրք մատուցվեց լեգենդ դարձած 19-ամյա հերոս Նարեկ Բադալյանի հիշատակին, ով նահատակվեց բերդաքաղաք Շուշիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում հարգանքի տուրք մատուցվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 19-ամյա Նարեկ Բադալյանի հիշատակին։

Մինչ հերոսի եղբայրների կողմից գյուղում կառուցված նրա անվան պանթեոն այցելելն ու հարգանի տուրք մատուցելը, Նարեկի հայրական տանը հոգևոր հովվի կողմից գյուղի համար արդեն լեգենդ դարձած հերոսի տան սրբության սրբոց դարձած անկյունում օծման արարողություն տեղի ունեցավ։

Նարեկն իր զինակից ընկերների հետ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը կենաց-մահու պայքար է տվել թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ։ Ոչ մի քայլ անգամ չեն նահանջել։ Ամենաթեժ պահերին էլ մեկ բռունցք դարձած՝ ամուր պահել են իրենց վստահված առաջնագիծը։

Նարեկը զոհվում է հայոց բերդաքաղաք Շուշիի մատույցները պահելու ժամանակ։

Մինչ այդ նա մասնակցել է Հադրութի համար ընթացող ռազմական գործողություններին ու կարողացել է խոցել հակառակորդի 3 տանկ։ 

Շուշիում ընթացող համառ մարտերի ժամանակ հակառակորդի կողմից ոտքի հատվածում վիրավորում է ստանում ու այդ վիճակով շարունակում է պայքարը, սակայն իր նման մի քանի առյուծ զինվորների հետ Շուշիում նահատակվում է՝ բռնելով հավերժի ճամփան։ 

Երեկ նրա շիրիմին այցելած հարազատները, ընկերներն ու համագյուղացիները, Արցախի Հանրապետությունից, այդ թվում՝ զորամասից այցելած անձինք ասում էին. «Նարեկը ուրիշ էր, նրա զինակից ընկերներն ուրիշ էին, բոլորն ուրիշ էին, բոորին կարող ես մեկ բառով բնութագրել. նրանք՝ հանուն մեր վաղվա ապագայի, տվեցին իրենց համար ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Մենք էդ առյուծ ու արծիվ տղերքին երբեք բացակա չենք դնի։ Նրանք բերդաքաղաք Շուշին պահեցին ամուր։ Նրանք չեն պարտվել, նրանք Շուշին չեն հանձնել, նրանք մերօրյա Մոնթեներն էին, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Զորավար Անդրանիկ Օզանյանը, Կոմանդոսը և մյուս լեգենդ դաձած հերոսները։ Նրանք կռվեցին հերոսաբար ու իրենց մահով անմահացան։

Հազա՛ր փառք ու հազա՛ր օրհնանք Նարեկին ու նրա նման բոլոր հերոսներին։ Նարեկի ամենասիրելի հերոսներից մեկը Հայաստանի ոու Արցախի հերոս, լեգենդ Մոնթե Մելքոնյանն էր, ում նա միշտ ասում էր «իմ զորավար Ավո», ու հենց Զորավարի կերպարը իր համար դարձրեց իդեալ, սրբազան գաղափար ու միշտ առաջնորդվում էր մեծն Մոնթեի հորդորով՝ «Անձդ նվիրի՛ր հայրենիքիդ», իսկ դրա համար Նարեկի մոտ կար կորով ու եռանդ, անվարան վճռականություն, անսասան կամք ու քաջություն։ 

Դու հավերժ կմնաս մեր սրտերում ու քո եղբայրների կողմից կառուցված քո անվան պանթեոնը մեզ համար մի նոր Եռաբլուր է ու դարձել է սրբության սրբոց»։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 383+
383+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր