211652_close_icon
views-count1640 դիտում article-date 13:56 10-09-2021

Կառավարությունը 13,5 մլն դրամ է հատկացրել մանկապարտեզներին օժանդակելու համար

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 8-ի նիստում որոշում է կայացրել 2021 թ.-ի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 13,5 մլն դրամ։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, գումարը կտրամադրվի ՀՀ Արմավիրի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզերի 6 բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատություններին օժանդակություն ցուցաբերելու և վերջիններիս գործունեությունն ապահովելու նպատակով։ 

«Նախագծում ընդգրկվել է վերոնշյալ 6 համայնքը՝ հաշվի առնելով հաստատությունների շենքերի գերազանց ֆիզիկական վիճակը, կահավորված լինելը, ինչպես նաև համայնքների՝ ներդրում կատարելու պատրաստակամությունը: 6 համայնքի 226 սանի համար, հաշվարկած տարեկան կտրվածքով, մոտ 54.3 միլիոն դրամից 2021 թվականին կհատկացվի միայն 4-րդ եռամսյակի համար անհրաժեշտ մասը՝ հետագայում դրա շարունակականությունն ապահովելու նախապայմանով»,- մանրամասնում են նախարարությունից: 

Նշվում է, որ ներկայում հանրապետության շուրջ 250 բնակավայրում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն չի մատուցվում:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով ամրագրվել է նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման հնարավորությունը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է հատկապես փոքրաքանակ համայնքներում և բնակավայրերում գործարկել այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ։ Դրանք, սակայն, չեն կարող լրացնել նախադպրոցական ծառայությունների պահանջարկը, քանի որ խնդիրն առկա է նաև այն համայնքներում, որոնք չեն կարողանում ապահովել առկա հաստատությունների պահպանման ծախսերը: 

Ներկայում հանրապետության 49 բնակավայրում առկա են նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքեր (գերազանց, լավ և բավարար ֆիզիկական պայմաններով), որոնք, սակայն, չեն գործարկվում համայնքների բյուջեի անբավարար միջոցների պատճառով: Հետևաբար, առաջնահերթ է դառնում պետական աջակցությունը նախադպրոցական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովման հարցում։

Նախադպրոցական ծառայությունների ընդլայնման գործիք են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում 2020 թվականին հաստատվել է մանկապարտեզների կառուցման և նորոգման 30 ծրագիր։ Եվս 21 նախադպրոցական հաստատություններում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ ինչպես պետբյուջեի, այնպես էլ տարբեր ծրագրերի շրջանակում։ 2021 թվականին դրամաշնորհային ծրագրի ձևաչափով հանրապետության 10 համայնք հնարավորություն է ստացել ներդնել նախադպրոցական ծառայություններ։

ՀՀ կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է իբրև Կառավարության ծրագրային նպատակներից մեկը։ Մասնավորապես, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում արձանագրված է՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2026 թվականը նախադպրոցական հաստատություններում ընդգրկված 3-5 տարեկան երեխաների թիվը հասցնելով առնվազն 85 տոկոսի։

Նմանատիպ նյութեր