211652_close_icon
views-count80031 դիտում article-date 21:41 09-09-2021

Երևանում՝ Նազարբեկյան 31 շենքի բակում, բացվեց 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած Մհերի և Էրիկի անվամբ հուշաղբյուր-հուշարձան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
գալիս են նրանք ճիշտ ժամանակին..»

Այսօր՝ սեպտեմբերի  9-ին, Երևան քաղաքի Նազարբեկյան 31 շենքի բակում, որտեղ իրենց մանկությունն ու պատանեկությունն են անցկացրել և այդտեղից Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ ծառայության մեկնել ու կենացմահու պայքար տվել Արցախյան  44-օրյա պատերազմում  կենդանի լեգենդ հերոս դարձած Մհեր Մուրադխանյանի և Էրիկ Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշաղբյուր- հուշարձանի բացման արարողության ժամանակ, այդ խոսքերն էին անընդհատ հնչում ներկա գտնվողների շուրթերից:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հուշարձանի բացումը, որը կատարեցին լեգենդար  «Եղնիկներ» զորամասում հերոսի մահով նահատակված Էրիկի եղբայրն ու «Մարտունի 3»–ում հերոսի մահով նահատակված Մհերի եղբայրը,  հոգևոր հովվի կողմից Տերունական աղոթք հնչեցվեց:

 Ներկաները, հերոսների հասակակից ընկերները ներկայացրեցին նրանց կյանքից դրվագներ:

Պաշտպանության նախարարության նվագախմբի հնչյունների ներքո հուշաղբյուրի մոտ բարձրացվեց հուշաղբյուրի մոտ տեղադրված եռագույնը: Այն եռագույնը, որի պատիվը բարձր են պահել Մհերն ու Էրիկը:

Կենդանի երգ-երաժշտությունն հնչեց՝ արդեն բազմաթիվ հերոսածին մայրերի համար որպես սփոփանք՝ զինվորական երգեր, նաև այցելուների, որոնց մեջ էին հերոսների հարազատները, հերոս դարձած նահատակված զինվորների  հարազատները, ընկերներն ու զինակիցները, ինչպես նաև հյուրեր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից,  արտերկրից:
 
Ֆոտոլրագրող  Գ. Շամշյանի հետ զրույցում մասնակիցներից շատերը , այդ թվում՝ հերոսների հարևաններն ու հասակակից ընկերներն ասում էին. «Այս վայրը մեզ համար դառնալու է մի նոր սրբատեղի: Ամեն անգամ ճարտարապետ Սուրեն Առաքելյանի   կողմից նախագծված այս հուշաղբյուր-հուշարձանի մոտով անցնելիս  մի պահ կանգնելու ենք և ի լուր աշխարհի ասելու՝ տղերք, Ձեզ ու Ձեզ նմաններին բացակա չենք դնի: Դուք Ձեր թասիբն ապացուցեցիք կռվի դաշտում: Էրիկը՝ լեգենդար «Եղնիկներ» զորամասում, Մհերը՝ լեգենդար «Մարտունի 3»-ում: 

Երկուսն էլ մինչև վերջ կենացմահու պայքար են տվել թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած  վարձկան ահաբեկիչների դեմ: Նրանք  իրենց զինակից  առյուծ ու արծիվ սպաների հետ մեկ մետր չեն նահանջել: Մհերը, Էրիկը և մյուս նահատակված, մեզ բոլորիս համար լեգենդ դարձած հերոսները,  44-օրյա պատերազմում վիրավորում ստացած ոչ մի զինվոր, ովքեր այս օրերին իրենց բուժումն են ստանում՝ չեն պարտվել: Նրանք բոլորը  անառիկ են պահել իրենց վստահված առաջնագիծը:

Այնպես որ, Նազարբեկյան  31 շենքի բակում վեր խոյացած այս հուշաղբյուր-հուշարձանը մեզ համար  դարձել է սրբատեղի դեռ այն ժամանակվանից, երբ հարևաններով, բնակիչներով միացան գործին գիտակ ճարտարապետ Ս. Առաքելյանի   նախագծման աշխատանքների իրականացմանը:
 
Մհեր Մուրադխանյանը Արցախի  Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով  հետմահու պարգևատրվել  է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հրամանգրում մասնավորապես ասված է.

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքը՝ որոշում եմ.
  1. 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների  ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 35383 զորամասի զինծառայող, շարքային  Մհեր Հակոբի  Մուրադխանյանին  հետմահու պարգևատրել  «Մարտական ծառայություն» մեդալով:
  2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ա. Հարությունյան
2021. փետրվարի 8, Ստեփանակերտ

Նախագահի մեկ այլ հրամանագարով էլ  հետմահու պարգևատրվել է  Էրիկ Արմենի Սարգսյանը.

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքը՝ որոշում եմ.
  1. 2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների  ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 35383 զորամասի զինծառայող, շարքային  Էրիկ Արմենի Սարգսյանին   հետմահու պարգևատրել  «Մարտական ծառայություն» մեդալով:
  2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ա. Հարությունյան
2021. հունվարի 21, Ստեփանակերտ


Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 742+
742+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր