211652_close_icon
views-count2317 դիտում article-date 22:08 09-09-2021

Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց ՀԱՕԿ նախագահի պաշտոնում

Այսօր ՝ սեպտեմբերի 9 –ին , Երևանի  Օլիմպավանում   տեղի ունեցավ  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու- ընտրական  համաժողովը:

Նիստը վարող  ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը  բացման խոսքում ներկաներին առաջարկեց  հոտընկայս հարգել  արցախյան 44 - օրյա պատերազմում զոհված հայ մարտիկների, նրանց թվում  ՝  մարզաշխարհի մարդկանց  հիշատակը:

Օլիմպիական քառամյա փուլում  ՀԱՕԿ –ի կատարած աշխատանքների մասին թվերով ու փաստերով,  հակիրճ,  բայց  խոսուն հաշվետվություն ներկայացրեց  Հ. Ռոստոմյանը:

Ֆինանսական  մանրամասն հաշվետվությամբ հանդես եկավ  ՀԱՕԿ –ի վերստուգիչ հանձնաժողովի անդամ  Հարություն Բաբայանը:

Լսելով և քննարկելով  2016 – 2020թթ. ընկած ժամանակահատվածում ՀԱՕԿ –ի  գործունեության մասին հաշվետվությունը,   գլխավոր ասամբլեան,    բավարար գնահատեց  կազմակերպության կատարած աշխատանքները:

Միաձայն դրական գնահատականի արժանացավ   նաև ՀԱՕԿ –ի  մարզական պատվիրակության մասնակցությունը Տոկիոյի 32 –րդ ամառային օլիմպիական խաղերում:

ՀԱՕԿ –ի, ազգային ֆեդերացիաների և մարզական կազմակերպությունների համար գերակա խնդիր է  մեր մարզիկների նախապատրաստությունը  հաջորդ ՝ 2024թ. Փարիզում կայանալիք  33 –րդ ամառային օլիմպիական խաղերին :

Կարևորվեցին   ՄՕԿ –ի,  ԵՕԿ –ի ծրագրերի իրականացման, ինչպես նաև օլիմպիական գաղափարների  ու ազգաբնակչության շրջանում առողջ ապրելակերպի աշխատանքների բարելավման խնդիրը, հավաքական թիմերը սպասարկող բուժանձնակազմի,  հակադոպինգային ծառայության և այլ հարցերը:

Համաժողովի մասնակիցները միաձայն քվեարկեցին ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ վերընտրեցին Գագիկ Ծառուկյանին, մարդ , ով այդ պատասխանատու պաշտոնում ընտրվեց հինգերորդ անգամ:  Նրա  ղեկավարման  տարիների ընթացքում Հայաստանի մարզիկները  տարբեր ձուլվածքի մեդալներ են նվաճել անխտիր  ամառային բոլոր օլիմպիական խաղերում և Եվրոպական մարզական խաղերում: Էլ չենք ասում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում   Հայաստանի պատվիրակների ունեցած խոսուն  հաջողությունների մասին:

ՀԱՕԿ –ի փոխնախագահներ ընտրվեցին օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը և  ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:

Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

Որոշ քննարկումից հետո  ընտրվեց  15 հոգուց բաղկացած գործկոմի կազմը,  իսկ երկարամյա փոխնախագահ  Դերենիկ Գաբրիելյանը քվեարկությամբ դարձավ ՀԱՕԿ –ի պատվավոր փոխնախագահ:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Գագիկ Ծառուկյանը:  Նա իրեն հատուկ անկեղծությամբ խոսեց կատարած  գործերի, մարզիչների և մարզիկների քրտնաջան աշխատանքի  ու նաև բացթողումների մասին: Կարևորեց  պատանեկան և երիտասարդական  սպորտը, մասսայականությունը, որից  է բխում   վարպետությունը:  Կոչ արեց աշխատանքներում լինել արդար և թափանցիկ, հավատարիմ մնալ միասնական գործելաոճին ու ոգուն,  ծավալել նպատակային գործունեություն, որի հիմնական ուղղվածությունը պետք է հանդիսանա  <<  Փարիզ – 2024 >>  օլիմպիական խաղերը:

Ելույթ ունեցան նաև Օգսեն Միրզոյանը , Արմեն Գրիգորյանը և Դերենիկ Գաբրիելյանը: Վերջինը, ի դեպ, առաջարկեց  խնդրանքով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի Աբովյան 9 հասցեում գտնվող շենքը  վերադարձվի  իր իրական տիրոջը : Այդ  պատմական շինությունը դեռևս 1930 –ականներից եղել և կրել է  ՀՀ  ֆիզիկակական կուլտուրայի և սպորտի կենտրոնական տուն անունը:

Շենքը հայրենական սպորտի խորհրդանիշն է և   այդտեղ են դրվել  բնագավառի  հաջողության հիմքերն ու հրաշալի ավանդույթները:  Նրա  աշխատասենյակներում և միջանցքներում հյուրընկալվել , քայլել են աշխարհահռչակ  բազմաթիվ սպորտի աստղեր: Նշած շինությունում  գործել են նաև մասնագիտական  մարզադպրոցներ և նույնիսկ  ննջարաններ, որոնցում  ապրել են այնպիսի հեղինակություններ, ինչպիսին եղել է , օրինակ, համաշխարհային շախմատի իններորդ արքա Տիգրան Պետրոսյանը: 

Մարզադահլիճներում և բացօթյա խաղահրապարակներում մարզվել են օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանը,Ալբերտ Ազարյանը, Իգոր Նովիկովը, Վլադիմիր Ենգիբարյանը, Նորայր Մուշեղյանը, շատերը:

Ներկաները քվեարկությամբ հավանության արժանացրին առաջարկը :

Վեհաժողովի աշխատանքներին ներկա էր ՀԱՕԿ –ի պատվավոր նախագահ, ՀՀ  20 –րդ դարի լավագույն մարզիկ , 92 - ամյա Ալբերտ Ազարյանը:

Նմանատիպ նյութեր