211652_close_icon
views-count1192 դիտում article-date 17:30 09-09-2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վիեննայում հանդիպել է Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչի հետ․ կողմերը մանրամասն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպեց Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

 ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սերբիայի հետ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա վստահեցրեց, որ 8-րդ գումարման ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի վերաձևավորումից հետո համագործակցությունն ու ակտիվ շփումները կշարունակվեն` նպաստելով երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը:

Միջպետական և միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման գործում կարևորվեցին փոխայցերը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ ողջունում է Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումը, ինչը նոր խթան կլինի հայ-սերբական հարաբերությունների զարգացման և հետագա համագործակցության համար: Մտքեր փոխանակվեցին միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ:                                                                       

Կողմերը մանրամասն անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ:

Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչը վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը` բոլոր ասպարեզներում խորացնելու եղբայրական Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում` խորհրդարանների միջև գործընկերային կապերը ամրապնդելու միջոցով: Նա շեշտեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպման ավարտին ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատեց Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու` Սերբիայի խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչին ուղղված հրավերը:

Նմանատիպ նյութեր