211652_close_icon
views-count68514 դիտում article-date 18:42 08-09-2021

Առեղծվածային դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի. վերջինս իրեն ցած է նետել, թե անզգուշաբար վայր ընկել՝ պարզվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի  32 շենքի դիմաց կնոջ դի կա:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

 Ահազանգով ժամանել է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Քանի որ դին հայտնաբերվել է տեսանելի վայրում, հրշեջ-փրկարարների օգնության կարիք չի եղել, ինչի ահմար էլ վերջիններս հետ են վերադարձել ջոկատ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 59-ամյա Մարգարիտա Դ.-ն է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի և 3-րդ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև կժամանեին Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները, ապա օգնել են դին մոտեցնել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:

Կատարվում է նախաքննություն՝ պարզելու համար՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է,  թե դժբախտ դեպք, արդյոք կինը իրեն ցած է նետել, թե անզգուշաբար վայր է ընկել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր