211652_close_icon
views-count1600 դիտում article-date 13:32 05-09-2021

ԵՄ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչը հանդես է եկել ԵՄ-ի կողմից  «Թալիբան»  շարժման հետ բանակցություններ նախաձեռնելու օգտին

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես է եկել ԵՄ-ի կողմից «Թալիբան» շարժման հետ բանակցություններ նախաձեռնելու օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Le Journal du Dimanche թերթում հրապարակված հարցազրույցում:

«Թալիբները մեզ համար դառնում են բանակցություններում անխուսափելի զրուցակիցներ: Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում ու պետք է ձգտենք խուսափել այլ տերությունների կողմից այնտեղից դուրս մղվելուց»,- ասել է Բորելը: Նա հատուկ շեշտել է, որ «այն, ինչ տեղի է ունեցել Աֆղանստանում, ողբերգություն էր աֆղանցիների ու իրական ձախողում՝ Արևմուտքի համար»: «Դա խիստ փոփոխություններ կբերի ուժերի միջազգային հարաբերակցության մեջ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գալ բոլոր այն եզրակացություններին, որոնք թույլ կտան հետագայում խուսափել այլ երկրներում նման սցենարի կրկնվելուց»,- հավելել է Բորելը:

Նա շեշտել է՝ «անթույլատրելի է ուղղակի փակել Քաբուլի էջը՝ կարծելով, թե Աֆղանստանում իրավիճակը մեզ չի վերաբերում»: «Խոսքը թալիբների իշխանությունը ճանաչելու, նրանց աշխարհայացքի հետ համաձայնելու կամ դրա վրա հիմնված նրանց գործողություններին հավանություն տալու մասին չէ: Մենք պետք է թալիբներին հասկացնենք, որ իրենց շահերից չի բխում օտարերկրյա, մասնավորապես՝ եվրոպական տերություններից պարփակվելը: Մեր երկխոսության մակարդակը կախված կլինի մեզ ընդառաջ գնալու՝ մեր զրուցակիցների կարողությունից», - հավելել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն նախատեսում է չորս անգամ ավելացնել Աֆղանստանին հատկացվող հումանիտար օգնությունը:  

«Սակայն, օգնության այս ավելացումն ուղղակիորեն կախված է լինելու Աֆղանստանում մարդու, ու, հատկապես՝ կանանց իրավունքների պաշտպանության պահանջի կատարումից»,- շեշտել է Բորելը:

 

Նմանատիպ նյութեր