211652_close_icon
views-count18990 դիտում article-date 22:29 04-09-2021

Ձեզ բացակա չենք դնի. Լոռու մարզի Հագվի գյուղում տեղի ունեցավ արցախյան պատերազմում զոհված քաջերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Լոռու մարզի Հագվի գյուղում տեղի ունեցավ խաչքարի բացման արարողություն։
 
Այն տեղադրվել է ի հիշատակ Արցախում նահատակված հագվեցի քաջարի հերոսների՝ 1994-ի արցախյան գոյամարտում զոհված Արտակ Սահակյանի և 44-օրյա պատերազմում քաջաբար զոհված Գևորգ Կիրակոսյանի։
 
Գևորգը 2014-2018 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։ Այնուհետև վերադարձել է Հայաստան և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Մեկ տարի անց ստացել է լեյտենանտի կոչում։
 
Թեև Գևորգը նաև ՌԴ քաղաքացի էր և հնարավորություն ուներ ծառայությունը Ղրիմում անցկացնելու, բայց որոշել էր ծառայել հայրենիքում։ Նա 2019 թվականին սպայական ծառայության է անցել Մատաղիսում՝ որպես Կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ մարտական գործողությունների ժամանակ՝ փրկելով իր զինվորների կյանքը։

Քաջերի հիշատակն անհամացնող խաչքարը կանգնեցվեց Հագվիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Խաչքարի կառուցումն ու եկեղեցու բարեկարգումը տեղի է ունեցել ռուսաստանաբնակ Արման Մինասյանի ջանքերով։
 
Խաչքարի հեղինակը Արթուր Սաղաթելյանն է։ Խաչքարի օրհնության կարգը կատարեց Գուգարաց թեմի առաջնորդը՝ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
 
Գյուղի վարչական ղեկավար պարոն Մալյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հագվին մեծաքանակ բնակչություն չունի, բայց բազմաթիվ պայմանագրային զինծառայողներ, կամավորականներ ու ժամկետային զինծառայողներ մասնակցել են 44-օրյա պատերազմին՝ անելով հնարավորինն ու անհնարինը՝ հայրենիքը պաշտպանելու համար։ «Ինձ համար այս խաչքարը յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նվիրված է մեր համայնքի բնակիչների՝ Արտակ Սահակյանի ու Գևորգ Կիրակոսյանի հիշատակին»,- նշեց Հագվիի վարչական ղեկավարը։
 
Ռուսաստանաբնակ բարերար Արման Մինասյանը MegaNews-am-ի հետ զրույցում պատմեց՝ արտերկրում է եղել, երբ պատահաբար մի տեսանյութ է դիտել մի զինվորի մասին ու հետո է տեղեկացել, որ այդ հերոս զինվորը Հագվիում ծնված Գևորգ Կիրակոսյանն է։ Հենց այդ օրը Արման Մինասյանը որոշում է կայացրել՝ պետք է Հագվիում խաչքար կանգնեցվի, որը պիտի նվիրվի հագվեցի երկու քաջերի՝ Արտակի ու Գևորգի հիշատակին։ «Տղաները հանուն հայրենիքի տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Մեր պարտականությունն է, որ յուրաքանչյուրս անենք հնարավոր ամեն բան, որպեսզի այս տղաների հիշատակն անմար լինի»,- նշեց Արման Մինասյանը։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր