211652_close_icon
views-count2321 դիտում article-date 11:19 03-09-2021

Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև՝ նախատեսված չէ. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել նախարարության շենքային պայմանների բարելավումը և դրա համար գումար է պահանջել կառավարությունից: 

«Ի պատասխան «168 ժամ»-ի՝ «1 միլիարդ 75 միլիոն դրամ՝ ոչ թե դիրքերի, այլ ՊՆ շենքի լավ պայմանների համար» վերնագրով հոդվածի, որում պնդում կա, թե «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ոչ, ասենք, չկահավորված դիրքերի կահավորումը, ուստի լավ շենքային պայմաններում աշխատելու նպատակով 1 միլիարդ 75 միլիոն դրամ (1.075.322,7 հազար դրամ) գումար պահանջող նախագիծ է ներկայացել Կառավարության համաձայնությանը», հայտնում ենք, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»-ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ լրատվամիջոցը մեջբերում է ընդամենը ծախսային հոդվածի անվանումը, որի տակ, սակայն, կան մի շարք տողեր, որոնք, հիմնականում, վերաբերում են կապիտալ գնումներին, մասնավորապես՝ սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելուն։

«Այսինքն՝ լրատվամիջոցի պնդումը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև, ըստ էության, տեղի է ունենում տրամագծորեն հակառակը. պաշտպանության նախարարությունը կրճատում է մի շարք ծախսեր, կատարում բյուջեի վերաբաշխում և այդ գումարների հաշվին կատարում գնումներ, որոնք միտված են բանակի մարտունակության ամրապնդմանը»,- պարզաբանված է հաղորդագրության մեջ ու ընդգծված՝ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև նախատեսված էլ չէ։

ՊՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ, որոնք վնաս են հասցնում ՀՀ զինված ուժերի հեղինակությանը:

Նմանատիպ նյութեր