211652_close_icon
views-count4108 դիտում article-date 23:19 02-09-2021

Քաղաքացին անհիմն կերպով ենթարկվել է 100 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության. ՀՔԱՎ

2021 թ. մայիսի 12-ին ՀՀ ոստիկանությունը անվավեր ճանաչեց Տավուշի բաժնի ծառայողների կողմից օրենքի խախտմամբ կայացված վարչական ակտը, որը Մ. Բ. -ին ենթարկել էր 100,000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության` արտակարգ դրության կանոնները չպահպանելու համար։   

Դեռևս 2020 թվականի մայիսի 27-ին Մ.Բ.-ն ենթարկվել էր 100,000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության`  տնտեսական գործունեություն իրականացնելու ընթացքում արտակարգ դրության կանոնները չպահպանելու պատճառով։ 

Հատկանշական է, որ վարչական ակտը կայացվել է հիմք ընդունելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182․3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, որը վերաբերում է միայն տնտեսական գործունեություն իրականացնող անձանց․ այդ ժամանակահատվածում Մ.Բ.-ն իրեն պատկանող տարածքը տվել է այլ անձանց վարձակալության՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար, այսինքն՝ ինքը անձամբ որևէ ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացրել, այլ աշխատել է որպես հրշեջ-փրկարար` լինելով պետական աշխատող, ինչը արդեն իսկ հակասում էր կայացված վարչական ակտում ներկայացված փաստերին։ Այսպիսով` այն ամբողջովին անհիմն էր և չէր բխում ՀՀ Սահմանադրությունից` հակասելով մարդու իրավունքների սահմանափակման վերաբերյալ ՀՀ օրենսդրության ամբողջ էությանը։

Այսպես՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Մ.Բ. -ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով առ ոչինչ ճանաչել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի կայացրած վարչական ակտը։

Գործի քննության ընթացքում Ոստիկանության պետը, ուսումնասիրելով վարչական ակտը, արձանագրել է, որ այն կայացվել է օրենքի խախտմամբ և հաստատել, որ բաժնի ծառայողների կողմից թույլ է տրվել ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի խախտում. որոշումը պետք է պարունակեր թույլ տրված հստակ խախտումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ՝ խախտում կատարած անձի վերաբերյալ, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, և այլն։ Եվ, քանի որ Մ․Բ․-ի նկատմամբ կայացված վարչական ակտը չի ապահովել այս պայմանները, այն առ ոչինչ է ճանաչվել, իսկ Դատարանին ներկայացվել է դիմում` կարճելու վարչական գործը, որն էլ իր հերթին բավարարել է այն։

Այսպիսով՝ անհրաժեշտ է արձանագրել, որ անթույլատրելի են ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները և պատասխանատվության ենթարկելը` օրենքի խախտմամբ ու օրենսդրականությունից դուրս կայացված վարչական ակտերի հիման վրա, այն դեպքում, երբ դրանք պետք է պարունակեն այն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնց առկայության դեպքում միայն կարող են օրինական և հիմնավորված լինել։ 

Նմանատիպ նյութեր