211652_close_icon
views-count1403 դիտում article-date 11:28 01-09-2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի աշակերտներ, ուսանողներ,
հարգելի մանկավարժներ և ծնողներ,
շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առիթով։

Հայաստանի Վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ռազմավարական նպատակ ենք հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը և հիմնավորել, թե ինչու. որովհետեւ կրթությունն է այն միակ գործիքը, որով մարդը ճանաչում է խնդիրները և գտնում դրանց լուծումները։

Այս պնդումը ճիշտ է թե անհատի, և թե մարդկանց հավաքականություն հանդիսացող հանրության, պետության համար։ Եվ հետևաբար՝ գիտելիքի, իմացության, հմտության, կրթության և գիտության ասպարեզում մեր այսօրվա օրակարգը և այդ օրակարգի իրացման որակը կանխորոշում է մեր խնդիրները ճանաչելու և դրանք լուծելու մեր կարողությունը։ Սա էլ կանխորոշում է մեր տեղը, դերը, կշիռն աշխարհում։

Կարևորում եմ նաև միջին մասնագիտական կրթության դերը, որը նախակրթության, հանրակրթության, բարձրագույն և ետբուհական կրթության հետ պետության ու տնտեսության զարգացման ամբողջական համակարգ է ձևավորում։

Այսօր Հայաստանում մի կողմից գործազրկության ու աղքատության լուրջ խնդիր ունենք, մյուս կողմից մասնագետների պակաս։ Մեր աշխատաշուկայում որակյալ ճարտարագետների, գյուղատնտեսների, ֆինանսիստների, բայց նաև խոհարարների, զոդողների, խառատների մեծ պահանջարկ կա, որ հնարավոր չի լինում լրացնել մասնագետների պակասի պատճառով։

Այսօրինակ երևույթները, որոնք մարդու բարեկեցության ու տնտեսության զարգացման խոչընդոտ են, կրթական համակարգում առկա խնդիրներն են ի ցույց դնում։

Այս է պատճառը, որ կրթական ոլորտի բարեփոխումները կառավարության առաջնային անելիքների ցանկում են։

Մենք արդեն ընդունել ենք նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչները, բարձրորակ մանկավարժական կադրերին խրախուսելու և մանկավարժական կադրերի որակավորման շարունակական բարձրացման մեխանիզմներ ենք գործարկել, որը պիտի զուգորդվի աշխատավարձերի բարձրացման հետ, էական փոփոխություններ ենք նախաձեռնել միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում, բարեփոխել ենք գիտության ֆինանսավորման համակարգը։ Մեր առաջիկա կարևորագույն անելիքներից է մանկավարժական և ռազմական կրթության համակարգերի բարեփոխումները։

Նաև՝ առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստվում ենք կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց, հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ։ Այս ամենի նպատակը մեկն է՝ որակյալ կրթությունը պիտի սկսվի մանկապարտեզից և պիտի հասանելի լինի բոլոր մարզերի, բոլոր բնակավայրերի բոլոր երեխաներին, որոնք պիտի իրենց կրթությունը միջին մասնագիտական և/կամ բարձրագույն կրթական հաստատություններում շարունակելու իրագործելի հնարավորություն ունենան։ Կրթության շարունակականության տեսակետից կարևորում եմ մասնագիտական վերապատրաստումների, որակավորման շարունակական բարձրացման գործընթացը, որովհետև կառավարության պատկերացմամբ՝ կրթությունը ցկյանս պրոցես է։ Այս համատեքստում պիտի ընդգծեմ նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ վերամասնագիտացման համակարգերի կարևորությունը։

Հարգելի աշակերտներ և ուսանողներ,

Համավարակով պայմանավորված, այս ուսումնական տարում ևս պետք է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, կանխելով դպրոցների և բուհերի՝ վարակի տարածման օջախ դառնալու հնարավորությունը, ինչը թույլ կտա բնականոն ճանապարհով իրականացնել ուսումնական գործընթացը։

Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ այս կարևոր օրվա առթիվ` մեզ մաղթում եմ մեր խնդիրները ճանաչելու և դրանք լուծելու կամք ու ընդունակություն։

Շնորհավոր սեպտեմբերի 1:

Նմանատիպ նյութեր