211652_close_icon
views-count1383 դիտում article-date 16:33 31-08-2021

Կարեն Դուրգարյանը նշանակվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն օգոստոսի 30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին:

Նախարարությունից հայտնում են, որ փոխնախարարը տեղեկացրել է՝ տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, մեկտեղ վստահություն է հայտնել, որ համագործակցության եզրերը սպառված չեն, և այն կշարունակվի նոր ձևաչափով՝ օպերային թատրոնում մաեստրոյի մասնագիտական և գործնական ներուժի կիրառմամբ:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մաեստրո Օրբելյանին այս տարիներին կատարած աշխատանքի և ներդրման համար: Մաեստրոն այն գործիչն է, ում  գալով նոր գույն հաղորդվեց, և նոր բովանդակություն ձևավորվեց թատրոնում»,-  ընդգծել է Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալն իր շնորհակալությունն է հայտնել նաև տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին և թատրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի սահմանափակումներով պայմանավորված և պատերազմի ժամանակ դրսևորած ակտիվության ու նախաձեռնողականության  համար: Նաև նշել է, որ, այնուամենայնիվ, բոլոր առավելություններով ու ձեռքբերումներով հանդերձ՝ թատրոնում առկա են խնդիրներ, և բավականին աշխատանք կա կատարելու լիարժեք արդյունքի հասնելու համար:

Արա Խզմալյանն օպերային թատրոնի անձնակազմին է ներկայացրել Կարեն Դուրգարյանին՝ շեշտելով, որ մաեստրոյի գործունեությունը մանրամասն  ներկայացնելու կարիք չկա, քանի որ Կարեն Դուրգարյանը երկար տարիներ աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և շատ լավ տիրապետում է այս թատրոնի առանձնահատկություններին:

Նա շնորհավորել է Կարեն Դուրգարյանին կարևոր, սակայն բարդ և պատասխանատու կառույցը ղեկավարելու համար և մաղթել  արգասաբեր աշխատանք:  

«Կարեն Դուրգարյանն այս ամիսների ընթացքում կպաշտոնավարի որպես տնօրենի պաշտոնակատար: Առաջիկա ամիսների ընթացքում կձևակերպվեն բոլոր խնդիրները, առաջնահերթություններն ու քայլերի հաջորդականությունը: Անհրաժեշտ է ճիշտ գնահատել մասնագիտական ներուժը և խաղացանկային քաղաքականությունը՝ ըստ այդ ներուժի: Պետք է ունենալ այնպիսի նպատակային խաղացանկային քաղաքականություն, որը կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև հստակ խնդիր է դրված նորանշանակ պաշտոնակատարի առջև՝ մոբիլիզացնել ոչ միայն օպերային թատրոնի ներսում առկա ստեղծագործական, այլև թատրոնից դուրս գտնվող ներուժը: Մենք ունենք վաստակաշատ անուններ, որոնց փորձը, գիտելիքն ու իմացությունն անպայման պետք է կիրառելի լինեն օպերային արվեստի առաջխաղացման գործում:

Պետք է ընդգծեմ, որ բավականին խիստ են մեր պահանջները պաշտոնակատարի հանդեպ, միևնույն ժամանակ գործադիր իշխանությունը լիարժեք և լիակատար աջակցություն է ցուցաբերելու մաեստրո Դուրգարյանին և թատրոնի կոլեկտիվին: Մենք աշխատելու ենք շատ սերտ, և քննարկվելու են բոլոր կարևոր խնդիրները»,- նշել է Արա Խզմալյանը և շնորհակալություն հայտնել Կարեն Դուրգարյանին մասնագիտական և անձնական առաջնահերթություններ փոխելու արդյունքում օպերային թատրոնը ղեկավարելու համաձայնության համար:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմին և Կոնստանտին Օրբելյանին կատարած աշխատանքի և այս ընթացքում իրականացրած համագործակցության համար:

«Ինչ վերաբերում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին, պետք է նշեմ, որ առաջարկվելու են աշխատանքային որոշակի ռիթմ և տեմպ, որովհետև օպերային թատրոնը մի կառույց է, որտեղ անհրաժեշտ է կարգ ու կանոն, հստակ աշխատանք և նվազագույնը 6 ամիս առաջ ունենալ հստակ խաղացանկ: Հուսով եմ, որ մեր համատեղ աշխատանքը կիրականացնենք բարձր արհեստավարժությամբ և ջերմ մթնոլորտում»,- ասել է թատրոնի նորանշանակ տնօրենի պաշտոնակատարը:

Նմանատիպ նյութեր