211652_close_icon
views-count1355 դիտում article-date 18:24 30-08-2021

Արշակ Կարապետյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի:

«Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման»,-  նշված է  ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Տիկին դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։ 

Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին:  Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Նմանատիպ նյութեր