211652_close_icon
views-count7262 դիտում article-date 09:06 26-08-2021

Պետության դեմ հանցանք գործած անձը՝ պետական բարձր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթո՞ղ. 168.am

168.am-ը գրել էր, որ երեկ կայացել է Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի առաջին՝ գրավոր փուլը, որին ինչ-որ մեկի բարձր հովանու ներքո մասնակցել է նաև վերջերս պետական ծառայության դեմ կատարած ծանր հանցագործության մեջ մեղադրված ու իր հանցանքն ընդունած կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետը՝ Արայիկ Առաքելյանը։

Պարզվում է՝ Շիրակի մարզի կադաստրի մթնոլորտը պղտորած, իր պաշտոնանկության մեկ տարվա ընթացքում այնտեղ աշխատող իր բարեկամների միջոցով օրումեջ ինտրիգներ հրահրող, պատմություններ սարքող, պետական այս կառույցում անտանելի միջավայր ստեղծած, իսկ որ ամենասարսափելին է, պետությանը մեծ վնասներ պատճառած անձին ոչ միայն կասկածելի հիմքերով թույլատրել են մասնակցել մրցույթի, այլև, ըստ մեր տեղեկությունների, նա անցել է գրավոր փուլը։Ի դեպ, նա մեղավոր է ճանաչվել իր կնոջ հետ միասին, քանի որ կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշել էր նաև Գյումրիի դպրոցներից մեկում ուսուցչուհի աշխատող իր կնոջը։

Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Առաքելյանը հովանավորվում է նախկին իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանի միջոցով, որն ըստ էության նախկինի պես մարզում բոլոր կադրային նշանակումների գլխին է կանգնած: Բացի դրանից, ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, հովանավորներ ունի նաև ՀՀ կադաստրի պետական կոմիտեում, ովքեր ամեն կերպ փորձում են հին պաշտոնին վերադարձնել նրան։ Առաջիկայում կհրապարակենք նաև Արայիկ Առաքելյանի երևանյան հովանավորների անունները:

Ի դեպ, Շիրակի մարզի Աշոցքի երկու համայնքներին ահռելի վնասներ հասցրած ու ապօրինի հարստացած սույն անձը դեռ չի էլ բարեհաճել վերադարձնել համայնքներին պատճառած վնասը, սակայն նրան ամեն կերպ, չգիտես ինչու, խրախուսում են նոր «նվաճումների»:

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե ուժային այս կառույցը  միջնորդագիր ներկայացրե՞լ է վերջերս ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով մեղավոր ճանաչված Արայիկ Առաքելյանին ու նրա կնոջը՝ Հերմինե Ալեքսանյանին պետական կառույցներում  պաշտոններ չզբաղեցնելուն արգելանք կամ սահմանափակումներ դնելու վերաբերյալ։Այս հարցում տարօրինակ ու զարմանալի է ՀՀ գլխավոր դատախազության լռությունը, որով ևս խրախուսվում է պետական ծառայության դեմ հանցանք կատարած անձի՝ նորից պաշտոնի վերադառնալու քայլերը։

Նշենք, որ այս քրեական հոդվածը ծանր պատիժ է նախատեսում, այն առավելագույնը հինգ տարի ժամկետով զրկում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Դատախազությունը թեև մեր այս հարցին պատասխան չէր տվել, սակայն ակնհայտ է, որ այս առումով ոչինչ էլ չի արել:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս անձը 168.am-ի դեմ երկու դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով հերքում և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում:

Վերջինս իր այս երկու հայցերով  ըստ էության զրպարտիչ է համարում նաև ՀՀ գլխավոր դատախազությանը։ Նա իր ներկայացած հայցերի մեջ զրպարտիչ տեղեկություններ է որակում ՀՀ դատախազության պաշտոնական տեղեկատվությունը իր ու կնոջ մասնակցությամբ հարուցված քրեական գործերի մասին։

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ նախկին այս պաշտոնյայի քրեական գործերի մասին մանրամասնորեն գրել ենք,  և դրանք վերաբերում են Շիրակի մարզի Ցողամարգ և Մուսայելյան համայնքներին պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները պաշտոնական դիրքի չարաշահմամբ չնչին գումարով վարձակալելուն ու մեծ գումարներով բջջային կապի  օպերատորներին ենթավարձակալության հանձնելուն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր