211652_close_icon
views-count3867 դիտում article-date 14:14 25-08-2021

Նախկին նախագահ Քարզայը եւ Աբդուլան կմտնեն Աֆղանստանի կառավարման՝ 12 անդամներից բաղկացած խորհուրդ

Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան, Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը եւ Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը կմտեն Աֆղանստանի կառավարման խորհրդի կազմի մեջ, որը մտադրվում Է ձեւավորել «Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը: Օգոստոսի 25-ին այդ մասին հաղորդել Է Ariana News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ «Աբդուլա Աբդուլան, Քարզայը եւ Հեքմաթիարը կլինեն (Աֆղանստանի կառավարման համար) խորհրդի անդամներ»: Հիշյալ երեք քաղաքական գործիչները թալիբների զինված կազմավորումների մուտք գործելուց հետո ստեղծեցին նախկին կառավարությունից իշխանությունը «Թալիբանին» խաղաղ անցման համակարգող խորհուրդ: Նրանք անցկացրեցին մի շարք հանդիպումներ շարժման ներկայացուցիչների հետ՝ իշխանության նոր մարմինների, այդ թվում աֆղանական հասարակության լայն ներկայացուցչությամբ կառավարության ստեղծման նպատակով:

Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել Է Foreign Policy հանդեսը՝ վկայակոչելով «Թալիբանի» ղեկավարներին մոտ կանգնած աղբյուրներ, շարժման ղեկավարությունը մտադրվում Է կազմել Աֆղանստանի կառավարման համար խորհուրդ, որտեղ կներառվեն 12 անդամներ, այդ թվում երկրի նախորդ կառավարության որոշ անդամներ:

Խորհրդի մեջ երեք առավել ազդեցիկ մարդիկ պետք Է դառնան «Թալիբանի» քաղաքական թեւի առաջնորդ Աբդուլ Ղանի Բարադարը, «Թալիբանի» ռազմական հանձնաժողովի ղեկավար Մոուլավի Յաքուբը, որը շարժման հիմնադիր մոլլա Օմարի որդին Է, ինչպես նաեւ դաշտային հրամանատար եւ «Հաքանիի ցանց» դիվերսիոն խմբավորման պարագլուխ Սիրաջուդին Հաքանին: Ինչպես նշել Է հրատարակությունը, թալիբները չեն ցանկանում Աֆղանստանում վերականգնել նախագահի պաշտոնը կամ որեւիցե այլ միանձնյա ղեկավարի պաշտոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր