211652_close_icon
views-count3395 դիտում article-date 10:13 21-08-2021

Ապահով Կապան, հուսո հանգրվան. այսօր Կապանում նշում են քաղաքի օրը

Այսօր առավոտյան՝ ժամը 09։00-ից Կապան քաղաքում տեղի են ունենալու բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված քաղաքի օրվան։ Կապանի համայնքապետարանից վստահեցնում են, որ օրը լինելու է հագեցած, հաճելի անակնկալներով և հիշարժան պահերով լի և ներկայացնում են տոնակատարության առիթով կազմակերպված միջոցառումների ժամանակացույցը։

09:00 – Համաքաղաքային կրոսավազք/Ա․ Մանուկյան փողոց — Շահումյան հրապարակ/
10:00 – Միասնական շուրջպար և հյուրասիրություն/Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից բարձունք/
12:00 – Ծաղկադրում/Բաղաբուրջի հուշահամալիր/
13:00 – Հանդիսավոր նիստ և տոնական համերգ՝ «Ժողնվագարանների անսամբլ»–ի և պարային խմբերի մասնակցությամբ/Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճ/
14:00 – Ցուցադրություններ՝ Կապանի երկրագիտական և Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարաններում
14:30 – Կապանի արվեստի թանգարանի պաշտոնական բացման արարողություն
16:00 – Լարախաղացի ելույթ
Վահան Մանուկյան երգի ստուդիայի սաների համերգ/Հալիձոր թաղամասի թիվ 8 շենքի հարակից տարածք/
16:00 – Տիկնիկային թատրոն և պար/Կապանի թիվ 10 ՆՈՒՀ–ի բակ/
18:00 – Դասական համերգ․ Կոմիտասի անվան ազգային քառյակ/Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճ/
18:30-  Ցուցադրություն–վաճառք/Գարեգին Նժդեհի հրապարակ/
20։00– Գալա համերգ՝ կապանցի մենակատարների մասնակցությամբ․
Հատուկ հյուրեր՝ Արթուր  Բեսթ, Արծվիկ Հարությունյան, Գևորգ Հարությունյան /Գարեգին Նժդեհի հրապարակ /
22։00- Բացօթյա դիսկոտեկ/Գարեգին Նժդեհի հրապարակ/
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը շնորհավորել է կապանցիներին քաղաքի օրվա առթիվ:

«Սիրելի՛ կապանցիներ Սյունյաց սիրելի մարզկենտրոնի օրը բոլորիս տոնն է, որի առիթով շնորհավորում եմ նախեւառաջ բոլոր կապանցիներին, ինչպես նաեւ բոլոր սյունեցիներիս։ Շատերին կարող է թվալ, թե անցնող տարվա կորուստները, չամոքված վերքերն ու սուգը համատեղելի չեն այսօրվա տոնի հետ, բայց սահմանային ու սահմանապահ Սյունիքում նման տոն նշելն իր խորհուրդն ունի ու ինքնանպատակ չէ․ կարծում եմ՝ հենց դուք՝ այստեղ բնակվողներդ, ամենից առաջ ու ամենից շատ արժանի եք զգալու հերոսական Կապանի ոգին, ինչպես նաեւ ձեր սերն ու նվիրումը նրա հանդեպ արտահայտելով՝ առավել ամուր ու կանգուն Կապանի ներկան ի ցույց դնելու աշխարհին․․․

Հենց նման միջոցառումներով է, որ կապանցին ապացուցում է իր քաղաքում ապրելու ու արարելու անսասան հաստատակամությունը, իր հողին աներեր կառչած մնալու ուժը ու այն, որ կյանքը շարունակվում է ու կշարունակվի, որ այստեղ մշակույթը զարգանում է, քարը շարվում է, արհեստավորը բանում է, հողի մշակը տքնում է, մի խոսքով, Կապանը շնչում է իր առօրյայով ու վաղվա զարգացման ծրագրեր մշակում։ Գիտեմ, որ տոնն այս տարի դիմավորում ենք այլ կարգավիճակում, այլ միջավայրում ու այլ զգացողություններով, եւ այսօր, բնականաբար, ամենից առաջ՝ մեր խոնարհումը կապանցի այն անմահ հերոսներին, որ ընկան 44-օրյա պատերազմում, հավե՛րժ փառք նրանց հիշատակին, շուտափույթ լուրի մաղթանքս՝ սպասումով ապրող հարազատներին․․․

Կապանն իր կարեւոր դերն ունեցավ 2020-ի աշնան մեր պայքարում, թե՛ իր զինվոր-մասնակիցներով, թե՛ լավ կազմակերպված թիկունքային աշխատանքով, թե՛ սահմանային տարբեր խնդիրների լուծմամբ եւ թե՛ իր հյուրընկալությամբ ու այստեղ ապաստանած արցախցիների հոգսերին արձագանքմամբ։ Տեղահանվածներից շատերը հաստատվել ու որոշել են իրենց ապագան կառուցել Կապանում։ Բայց Կապանն ինքը հիմա դարձել է սահման ու կանգնել նոր մարտահրավերների առջեւ, այսօր ամենակարեւորը սեփական հողին ամուր կանգնելու կարեւորության եւ այն բանի գիտակցումն է, որ ուժեղացնելով համայնքը՝ ոչ միայն Կապանի սահմանը, այլեւ Հայաստանի դարպասն եք պահում։ Իսկ Կապանը դարերով պատվով է դիմագրավել փորձություններին․ այսօր էլ բոլորիս աչքի առաջ քաղաքում նորոգումներ են, կառուցապատման ու բարեկարգման աշխատանքներ, նոր նախաձեռնություններ․․․

Ուստի, մեր սիրելի քաղաքի տոնին բոլորիս, նախեւառաջ, մաղթում եմ այնքան թանկ ու ամենակարեւոր արժեք դարձած խաղաղությունը, մեր քաղաքացիներին ցանկանում եմ միասնականություն, որն ամեն հաջողության գրավականն է։ Ցանկանում եմ, որ անկախ նորահայտ հանգամանքներից ու ի հեճուկս հակառակորդի նկրտումների՝ Կապանը շարունակի ծաղկել, զարգանալ, հզորանալ։ Կապույտ ու անամպ երկինք՝ Սյունյաց աշխարհի գողտրիկ կենտրոնին, անվտանգ, ապահով ու բարեկեցիկ կյանք՝ նրա բնակիչներին։ Շնորհավո՛ր տոնդ, Կապա՛ն»։

Նմանատիպ նյութեր